Գլխավոր Բլոգ ՄՍՀՀ-ն սկսել է դրամաշնորհ ստանալու դիմումներ ընդունել. Տ. Ավինյան

ՄՍՀՀ-ն սկսել է դրամաշնորհ ստանալու դիմումներ ընդունել. Տ. Ավինյան

7
0

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ուրախ եմ տեղեկացնել, որ Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը (ՄՍՀՀ) սկսել է դրամաշնորհ ստանալու դիմումներ ընդունել՝ ՀՀ կառավարության համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու նպատակով: Հայտեր կարող են ներկայացնել ինչպես փորձառու հետազոտողները, այնպես էլ համալսարանների ուսանողները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս․թ․ մարտի 24-ն է: Մրցույթի արդյունքների հրապարակումը տեղի կունենա ս․թ․ մարտի 29-ին:

Պահանջները հետազոտողների համար.
— Կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային հետազոտողները,
— Հետազոտողները կարող են դիմել ինչպես անհատապես, այնպես էլ խմբով: Հետազոտական խմբի ղեկավարը պետք է ամբողջական դրույքով աշխատի հայաստանյան որևէ բուհում։
— Նախապատվությունը տրվելու է հիմնականում համալսարանի աշխատակիցներից կազմված խմբերին,
— Նախապատվությունը տրվելու է այն խմբերին, որոնք հետազոտության իրականացման գործընթացում կներգրավեն ուսանողի,
— Հետազոտության իրականացման ակնկալվող ժամկետը մեկ տարի է։ Հետազոտությունը մեկ տարուց ավել կամ պակաս ժամանակահատվածում իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորում։

Պահանջներն ուսանողների համար
— Դիմորդը պետք է լինի հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատության բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանող,
— Կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային ուսանողները,
— Դիմողը պետք է ներկայացնի երաշխավորագիր ուսումնական հաստատությունից,
— Հետազոտության իրականացման ակնկալվող ժամկետը վեց ամիս է։ Հետազոտությունը վեց ամսից ավել կամ պակաս ժամանակահատվածում իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորում։

Դիմումների ընդունման գործընթացը
— Կայքից բեռնեք դիմումի ձևը,
— Լրացրեք այն հայերենով կամ անգլերենով,
— Լրացված դիմումը ուղարկեք հետևյալ էլ․ փոստի հասցեով՝ [email protected],
— Յուրաքանչյուր դիմորդ (խմբի ղեկավար) տվյալ հետազոտության թեմայի համար կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:

Մրցույթի արդյունքների ամփոփումը

Մրցույթի հաղթողն ընտրվում է մրցակցային գործընթացի միջոցով, որի ժամանակ դիմորդները գնահատվում են ըստ իրենց ներկայացրած հայտի մեթոդաբանության, հետազոտության համար պահանջվող գումարի, համապատասխան մասնագիտական փորձառության։
— ՄՍՀՀ-ի աշխատանքները համակարգվում են Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ:
— Որոշ դեպքերում կարող է կոնկրետ նախագծի համար սահմանվել ֆինանսավորման առավելագույն չափ։

Դիմումի ձևը ներբեռնելու և հետազոտությունների թեմաներին ծանոթնալու համար անցեք հետևյալ հղումով՝ https://msrf.aua.am/how-to-apply/