Երկուշաբթի , 22 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    12°
    Home » Լուրեր » Մտավորականների բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

    Մտավորականների բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

    Մտավորականների բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին
    Մայիս 17, 2018 16:10 Լուրեր A+ / A-

    ԲԱՑ ՆԱՄԱԿ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

    Կրկնօրինակը՝ ՀՀ բնապահպանության նախարար

    պարոն Էրիկ Գրիգորյանին

     

    Մեծարգո պարոն վարչապետ:

    Դիմում ենք Ձեզ հետևյալ հիմնահարցի առիթով:

    Ս.թ. մարտի 23-ին Մտավորականների խորհուրդը (ՄԽ)  դիմել էր  ՀՀ Կառավարությանը, հայտնելով իր խորը մտահոգությունը հանքարդյունաբերության, հատկապես մետաղային հանքերի և պոչամբարների կողմից շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա իրականացվող խիստ բացասական ազդեցության վերաբերյալ /նամակի պատճեն կցվում է/:

    Ապրիլի 25-ին ստացվել է պատասխան ՀՀ Բնապահպանության նախարարությունից, որին կցվել են նաև ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների, Տարածքային կառավարման և զարգացման, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների տեսակետները քննարկվող հարցի շուրջ: Ստացված պատասխանը մեզ բոլարովին չի գոհացնում, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ նախարարությունները լիարժեք չեն տիրապետում բարձրացված հիմնախնդրի էությանը և չեն համագործակցում միմիանց հետ, ներկայացնելով մակերեսային և իրար հակասող, որևէ լուծում չպարունակող կարծիքներ:

    Պատասխանից տպավորությունն այնպիսին է, որ նախարարությունները նոր են արձանագրում այն վտանգները և կանխարգելիչ միջոցառումները, որոնք պետք է նախատեսված լինեին դեռ մետաղական հանքերի շահագործման թույլտվությունը տալու պահին: Միայն հիմա են նախատեսում իրականացնել միջոցառումներ, որոնք պետք է իբր վերացնեն կուտակված վտանգավոր հետևանքները՝ միաժամանակ բողոքելով դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունից:

    Մեր խորին համոզմամբ շրջակա միջավայրին հասցված վնասները, որոնք անկասկած ազդում են բնակչության առողջության վրա, հետևանք են շահագործողների կողմից գերշահույթ ստանալու մոլուցքի և  պատկան մարմինների կողմից պատշաճ վերահսկողության բացակայության:

    Հարգարժան պարոն վարչապետ:

    Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաև այն արտառոց փաստին, որ հանքավայրերի արտադրանքի, հատկապես՝ մոլիբդենի, ոսկու արտահանման տուրքերը զրոյական են, իսկ ստացված շահույթի հարկման հնարավորությունները՝ անհասկանալի ու անվերահսկելի:

    Համոզված ենք, որ բարձրացված խնդիրները օպերատիվ լուծման կարիք ունեն և նորընտիր Կառավարությունը կդրսևորի համապատասխան քաղաքական կամք այդ ուղղությամբ:

    Մեր կարծիքով անհրաժեշտ է.

    • Բացառել հանքարդյունաբերության դիտարկումը որպես ՀՀ զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը:
    • Բացահայտել ոլորտում առկա կոռուպցիոն երևույթները:
    • Ստեղծել միջգերատեսչական համակարգող հանձնաժողով անկախ փորձագետների մասնակցությամբ (երկրաբան, բնապահպան, քիմիկոս, իրավաբան, տնտեսագետ, հիգիենիստ):
    • Իրականցնել նախորդ նամակում արդեն նշված միջոցառումները: Այն է`
    • Ձեռնարկել տարաբնույթ նորարական միջոցառումներ հանքարդյունա-բերության բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնեու նպատակով: Կասեցնել շրջակա միջավայրի համար հատկապես վտանգավոր մետաղային հանքերի շահագործումը մինչև հասցված վնասի վերացումը, կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ օրինակ՝ Թեղուտի հանքավայր: Առկախել նոր թույլտվությունների տրամադրումը:
    • Անհապաղ միջոցներ ձեռնարկել վնասված և աղտոտված տարածքների վերականգնման և բնությանը հասցված վնասը փոխհատուցելու ուղղությամբ՝ առաջնային համարելով Լոռու և Սունիքի մարզերը:
    • ՈՒսումնասիրել ազդակիր համայնքների առողջապահական, սոցիալական վիճակի բնութագիրը և դրա հիման վրա բնակչությանը ցուցաբերել ամբողջական աջակցություն,
    • պատասխանատվության ենթարկել բնությանը և տեղի բնակչությանը վնաս հասցրած մասնավոր ձեռնարկություններին:

    Ակնկալում ենք հանդիպում՝ վերընշված, ինչպես նաև այլ հրատապ հիմնախդիրները քննարկելու համար:

     

    Մտավորականների խորհրդի անունից՝

    ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՝ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

    ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ՝ Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

    ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ՝ արտակարգ ու լիազոր դեսպանՀայռուսական համալսարանիհամաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ

    ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ՜ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

    ՌՈԼԱՆԴ ԱՎԵՏԻՍՅԱՆ՝ քիմիական գիտ. թեկնածու

    ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ՝ Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխ.գիտություննրի.դոկ.

    ԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ՝ Պատմաբան-քաղաքագետ, ՌԴ հումանիտար գիտ. ակադեմիայի անդամ, պրոֆեսոր

    ԺԱՍՄԻՆԱ ՂԵՎՈՆԴՅԱՆ՝ ՆԵՐՈՒԺ ՀԿ տնօրեն

    ԵԼԵՆԱ ՄԱՆՎԵԼՅԱՆ՝ Բժշկական գիտ.թեկ.

    ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ՝ ՄԽ  համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, <<Քաղաքակրթությունների երկխոսություն>> ազգային կենտրոն ՀԿ ղեկավար

    Հեռ. 52-52-73

    Նման թեմաներ

    scroll to top