Գլխավոր Լուրեր Մխիթարյանն առաջին անգամ խոսել է Բաքու չգնալու մասին (տեսանյութ)

Մխիթարյանն առաջին անգամ խոսել է Բաքու չգնալու մասին (տեսանյութ)

5
0

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ հրապարակայնորեն մեկնաբանել է «Արսենալի» կազմում Բաքու չմեկնելու որոշումը: Անվտանգության նկատառումներով նա լոնդոնյան թիմի կազմում չէր մեկնել Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի «Չելիսիի» դեմ եզրափակչին: Հուլիսի 15-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նրան այդ մասին հարց են ուղղել:

«Հաջորդ տարի եւս հնարավորություն ունենք խաղալու Եվրոպա լիգայի եզրափակչում: Շատ հարցեր եղան թիմակիցներիս եւ ակումբի աշխատակիցների կողմից, թե ի՛նչն է խնդիրը, ինչո՛ւ չես մեկնում: Փորձում ես բացատրել, բայց այն մարդիկ, որոնք չեն եղել այդ դրության մեջ, որոնց երկրները նման դրության մեջ չեն եղել, նրանք շատ հնարավոր է, որ չհասկանան: Փորձեցի ինչ-որ չափով բացատրել եւ նաեւ նրանց ասացի, որ կայքերում կարող եք կարդալ: Փորձել եմ չվատացնել իրավիճակը, փորձել եմ ամեն կերպ հասկացնել նրանց, որ դա մի պատմություն է, որ երկար տարիներ է տեւում, եւ ոչինչ ավելի անել չենք կարող»,- ասել է նա:

Հանդիպման ընթացքում Մխիթարյանը խոսել է նաեւ մի շարք այլ հարցերի շուրջ: Հավաքականի մասին նա ասել է, որ դեռ շատ աշխատանք կա անելու եւ 2 անընդմեջ հաղթանակը չպետք է տպավորություն ստեղծի, թե բոլոր խնդիրները լուծված են: Անդրադարձել է նաեւ հայկական ակումբային ֆուտբոլին ու ասել, որ ակումբներ բացելիս պետք է մտածել դրանք հիմքից՝ մանկապատանեկան ֆուտբոլից ստեղծելու մասին, այլ ոչ թե հավաքել 11 հոգի հիմնական կազմի համար եւ այդպես խաղալ:

Նաեւ խոսել է իր կարիերայի մասին: Ասել է, որ «Արսենալ» ու «Մանչեստեր Յունայթեդ» է հասել՝ հետեւելով իր երազանքներին: Ինչ վերաբերում է դժվարություններին, օրինակ, Ժոզե Մոուրինյոյի հետ տարաձայնություններին, ապա ֆուտբոլիստը չի կենտրոնացել դրանց վրա: Նշել է, որ պորտուգալացու շնորհիվ է հասել ՄՅՈՒ ու շատ բան է սովորել նրանից:

Հայ համայնքի հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ «Արարատ 73»-ի ֆուտբոլիստներ: Նրանց թվում է եղել Լեւոն Իշտոյանը:

Armtimes.com