Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    21°
    Home » Լուրեր » Նաիրա Զոհրաբյանը դատապարտում է ընդդիմության նկատմամբ ցանկացած բռնություն

    Նաիրա Զոհրաբյանը դատապարտում է ընդդիմության նկատմամբ ցանկացած բռնություն

    Նաիրա Զոհրաբյանը դատապարտում է ընդդիմության նկատմամբ ցանկացած բռնություն
    Ապրիլ 16, 2018 18:35 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Իր անհամաձայնությունը քաղաքական այս կամ այն իրադարձության վերաբերյալ ցանկացած քաղաքական եւ քաղաքացի իրավունք ունի հայտնելու Սահմանադրությամբ թույլատրված ցանկացած եղանակով, այդ թվում՝ բողոքի զանգվածային միջոցառումներ կազմակերպելով: Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը ու ցանկացած պատգամավոր իրավունք ունի առանց որեւէ խոչընդոտի մտնել ԱԺ: Սա միանշանակ է ու ինձ համար այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Ցանկացած բռնություն պատգամավորի ու ՀՀ քաղաքացու նկատմամբ, որը քաղաքական, հասարակական իրադարձության վերաբերյալ փորձում է հայտնել իր բողոքը՝ չխախտելով ՀՀ օրենքը, ինձ համար անընդունելի է: Ի դեպ, Սահմանադրությունը թույլատրում է խաղաղ, զանգվածային երթեր ու միջոցառումներ: Ես հույս ունեմ ու ակնկալում եմ, որ որեւէ ուժ չի կիրառվի խաղաղ ցուցարարների հանդեպ, քանի որ ինչպես իշխանության ներկայացուցիչներն օիրավունք ունեն իրենց քաղաքական տեսակետն ունենալու, այնպես էլ մյուս ուժերն էլ իրավունք ունեն դրա հետ չհամաձայնելու եւ իրենց անհամաձայնությունը հայտնելու օրենքով թույլատրելի ձեւով: Ես չեմ ցանկանում, որ մեր երկրում կրկնվի այն, ինչի միջով մենք քանի անգամ անցել ենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով Երեւանի կենտրոնում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած բողոքի ակցիաներին ու ոստիկանության գործողություններին՝ նշեց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

    Նրա խոսքով՝ իրենք հարգանքով են վերաբերում ՀՀ բոլոր քաղաքացիներին ու բոլոր քաղաքական ուժերին, որոնք պայքարի այս կամ այն եղանակն են ընտրել. «երբեւէ չբացառելով պայքարի որեւէ եղանակ՝ այս փուլում մենք նման հարց չենք քննարկել»:

    Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք «Ծառուկյան» խմբակցությունը, որի պատգամավորների մեծ մասը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը, կմասնակցի՞ ԱԺ հատուկ նիստին, թե ոչ, Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Մենք հակված ենք մասնակցելու, եւ յուրաքանչյուրս մեր քվեարկությամբ հայտնելու մեր դիրքորոշումը, սակայն, ինչպես ասում են, իրադարձություններից առաջ չընկնենք, կապրենք, կտեսնենք: Ես կարծում եմ, որ մասնակցելն ու յուրաքանչյուրս մեր քվեարկությամբ դիրքորոշում հայտնելը ճիշտ որոշում է, սակայն հասկանալով, որ ամեն րոպե կարող է իրավիճակ փոխվել, ես այս պահին չեմ կարող վերջնական պատասխան տալ, թե որ ֆորմատն ավելի ճիշտ կլինի»:

    Խմբակցության պատգամավորներից Վարդան Բոստանջյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքը ազատ է քվեարկելու եւ չի թաքցրել, որ ինքն անձամբ կողմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը, մինչդեռ, Նաիրա Զոհրաբյանը հակառակ հայտարարությամբ է հանդես եկել, որ դեմ է. «Ես կարող եմ ասել, որ քննարկումները դեռեւս շարունակվում են, որեւէ վերջնական որոշում չկա: Այո, ճիշտ եք, ես չեմ թաքցնում, որ տարբեր տեսակետներ կան, խմբակցություն. կան մարդիկ, ինչպես Վարդան Բոստանջյանն է կարծիք հայտնել, որ պատրաստ են քվարկելու կողմ եւ կան պատգամավորներ, որոնք գնալու են ու դեմ են քվարկելու, այդ թվում՝ եւ ես: Ես հույս ունեմ, որ զարգացումները չեն տանի էսկալացիայի եւ առավոտյան ամեն ինչ շատ ավելի հստակ կլինի որոշումը»:

    Արդյոք որոշումը կհստակեցվի «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումի՞ց հետո, թե՞ խմբակցության նիստի ընթացքում, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ, որեւէ մեկը որեւէ մեկին համոզելու խնդիր չունի: Քննարկումները խմբակցությունում դեռեւս շարունակվում են»:

    Նման թեմաներ

    scroll to top