Չորեքշաբթի , 15 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Clear
    22°
    Home » Լուրեր » Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը սատարում է Վեհափառին. ԱՀԹ

    Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը սատարում է Վեհափառին. ԱՀԹ

    Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը սատարում է Վեհափառին. ԱՀԹ
    Հունիս 12, 2018 17:21 Լուրեր A+ / A-

    Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը պաշտոնապես հերքում է՝ թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ոչ միայն կանգնած չէ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի թիկունքում, այլև սատարում է Վեհափառին:

    Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

    «Բացարձակ սուտ է մամուլում շրջանառվող անհասցե ու ստահոդ այն «տեղեկությունը», թե իբր Նավասարդ Սրբազանը կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի թիկունքում: Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ինչպես միշտ, այս օրերին ևս կանգնած է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի կողքին՝ հանուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու միասնականության:

    Մասնակիցը լինելով այս օրերին Մայր Աթոռում անցկացվող Գերագույն Հոգևոր, միաբանական և եպիսկոպոսական ժողովների՝ Նավասարդ Սրբազանն իր աներկբա բացասական վերաբերմունքն է արտահայտել արհեստականորեն ստեղծված իրավիճակին՝ ստորագրելով ժողովականների հայտարարությունները: Դրանց տրամաբանությունից դուրս ցանկացած ենթադրություն պարզապես հերյուրանք է:

    Սովորաբար սուտ ու անհեղինակ հրապարակումներին չենք արձագանքում՝ դրանց ավելորդ կարևորություն չտալու համար, սակայն այս հարցը վերաբերում է մեր՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյակների առաքելության պահպանմանը: Յուրաքանչյուր վրիպում, բամբասանք կամ հիվանդ երևակայության արգասիք կարող են անդառնալիորեն վնասել հայրավանդ մեր ընթացքին, Հայ Եկեղեցու ամրությանն ու անվերապահ հեղինակությանը:

    Եվս մեկ անգամ կոչ ենք անում հեռու մնալ արժանապատիվ մարդուն ոչ հարիր ձևով սուտ «տեղեկությունների» տարածումից, գործել ի նպաստ Հայ Եկեղեցու զորացման և Ս. Լուսավորչի գահի ամրության: Այս օրերին յուրաքանչյուրս պարտավոր է գիտակցել պատասխանատվության այն մեծ աստիճանը, որ ունենք մեր Եկեղեցու և գալիք սերունդների առաջ, չենթարկվել սադրանքների ու  խաղաղարար ոգով հանապազ աղոթել ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի փառս Աստծո:

    Աղոթում ենք, որ Սուրբ Հոգին իմաստնություն ու խաղաղություն շնորհի բոլորիս»:

    Նման թեմաներ

    scroll to top