Կիրակի , 25 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    10°
    Home » Լուրեր » Նախագահական նստավայրը պատրաստվում են խլել. Փաշինյանը` Սարգսյանին (տեսանյութ)

    Նախագահական նստավայրը պատրաստվում են խլել. Փաշինյանը` Սարգսյանին (տեսանյութ)

    Փետրվար 9, 2018 14:49 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    «Ելքը» նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին զգուշացրել է՝ նա, ով լինելու է նախագահ, լուրջ խաչմերուկի և դերակատարման մեջ կարող է հայտնվել: Այս մասին  ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով ներկայացրեց իրենց կողմից բարձրացված հարցերը:

    «Հարցրել ենք` ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ ի հեճուկս նրան, որ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, բայց պրոցեսները գնում են այնպես, որ առաջադրվում է, որը ներքաղաքական վիճակը սրելու լուրջ պոտենցիալ ունեցող հարց է, և նա, ով լինելու է նախագահ, լուրջ խաչմերուկի և դերակատարման մեջ կարող է հայտնվել»,- ասաց Փաշինյանը: Այնուհետև նշեց, որ հարցրել են, թե Սարգսյանն ինչպե՞ս է վերաբերվում, որ նախագահական նստավայրը պատրաստվում են խլել, և նաև` թե ինչպե՞ս է վերաբերվում ներման համակարգի փոփոխությանը, քանի որ ներում շնորհելը Սահմանադրությամբ հստակ նախագահին էր վերաբերում, հիմա այն դե ֆակտո դառնում է վարչապետի լիազորությունը:

    «Ընտրակաշառքների մասին իր գնահատականներից ենք հետաքրքրվել, նաև Մարտի մեկի հարցով դիրքորոշումները ճշտել, քաղբանտարկյալների հարցն ենք բարձրացրել և նաև իր քաղաքացիութան հարցը խնդրել պարզաբանել, որ մամուլում նշվում է»,- ասաց նա: Փաշինյանը նշեց, թե Արմեն Սարգսյանը պատասխանել է հարցերին. «Մենք ընդունել ենք ի գիտություն, բայց կոռեկտ չեմ համարում, որ հայտարարեմ»,- ասաց նա: Հարցին, թե նախագահի թեկնածուն կիսո՞ւմ է իրենց դիտարկումը, որ սուպերվարչապետական երկիր է ստեղծվում, Փաշինյանը կրկնեց, թե կոռեկտ չի համարում Արմեն Սարգսյանի պատասխանները որևէ կերպ հրապարակելը:

    Իսկ թե գո՞հ են հանդիպումից հարցին, ասաց, որ հանդիպման նպատակը չի եղել գոհ կամ դժգոհ լինելը: «Նրա պատասխաններն ի գիտություն ենք ընդունել, մեր քաղաքական մոտեցումները գիտեք, և որևէ փոփոխություն չկա»: Իսկ թե տեղեկացե՞լ են` Սարգսյանը կհամաձայնի՞ առաջադրվել նախագահի թեկնածու, Փաշինյանը նշեց, որ այն շեշտադրումը, որ եղել է սկզբում, թե հանդիպումներից հետո կորոշի, եղել է նաև հիմա:

    Հարցին, թե Արմեն Սարգսյանը հայտնեց, որ պայմանավորվել են հետագայում ևս հանդիպումներ ունենալ, Փաշինյանը հաստատեց. «Մենք ասացինք, որ ինչպես այս հանդիպումը, որը ասել ենք, որ պատրաստ ենք քննարկումների, շփումների, էլի ենք ասում, որ պատրաստ ենք»,- ասաց նա:

    Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top