Շաբաթ , 21 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Clear
14°
Home » editorial » Նախարարության սուտը. ո՞ւմ էր պետք Երեւան-«Զվարթնոց» երթուղին

Նախարարության սուտը. ո՞ւմ էր պետք Երեւան-«Զվարթնոց» երթուղին

Հունիս 14, 2017 12:43 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

սուտտ

Այսօր առավոտյան ժամը 10:00-ից սկսել է գործել Երևան-«Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին: Այս մասին հաղորդագրություն էր տարածել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Հիշեցնենք, որ Երեւան-«Զվարթնոց» օդանավակայան նոր երթուղու անհրաժեշտության մասին անցյալ շաբաթ կառավարության նիստում խոսել էր Կարեն Կարապետյանը: Նա նաեւ հայտարարել էր, որ դժգոհ է օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցող վարորդներից: «Խնդիրը բոլորդ լավ գիտեք. անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լիճ Մալաթիա- Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում եւ այլն: Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջում ենք` վարորդի տեսքը ինչպես պետք է լինի, ուղեւորի հետ ինչպես պետք է խոսի»,- ասել էր  Կ. Կարապետյանը:

Մեկ շաբաթ դեռ չի անցել, եւ Երեւան-«Զվարթնոց» օդանավակայան երթուղին արդեն շահագործվում է: Ուշագրավ է, որ կառավարությունն այս հարցում այնքան է շտապել, որ մրցույթ չի հայտարարել: Բացի այդ, քննարկումներ շահագրգիռ մարմինների հետ տեղի չեն ունեցել:

Araratnews.am-ը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է այդ դեպքում ընտրվել երթուղին սպասարկող ընկերությունը, եւ ո՞րն է այն:

Անահիտ Առաքելյանը նախ տեղեկացրեց, որ երթուղին փորձնական է, մոտ երկու ամիս կաշխատեն, որից հետո նոր միայն մրցույթ կհայտարարվի: «Ընթացիկ թերություններ, բացթողումներ, ինչ-որ լինեն, այդ բոլորը կհասկանանք, կշտկենք, հետագայում նոր արդեն  մրցույթ կհայտարարվի»,- ասաց Առաքելյանը, հավելելով, որ մինչ այդ երթուղին կսպասարկի «Էլիտբաս» ընկերությունը:  «Մեր  հայտարարությունից հետո, որ  պետք է լինեն ավտոբուսներ, իրենք են ցանկություն հայտնել մասնակցել այդ փորձնական ծրագրին, անգամ եթե վնասով աշխատեն»,- ասաց նա:

Ըստ նախարարի խոսնակի` այս պահին ընկերության միկրոավտոբուսները եւ ավտոբուսները համապատասխանում են չափանիշներին: 300 դրամ ուղեվարձն էլ, ըստ Անահիտ Առաքելյանի` քննարկումների արդյունքում է ձեւավորվել: Հարցին, թե ո՞ւմ հետ են այդ քննարկումները տեղի ունեցել, նախարարի խոսնակը հարցը շրջանցեց, ասելով, թե «Զվարթնոց» օդանավակայանից արդեն իսկ առաջին ուղեւորները հետ են վերադարձել, եւ նրանց շրջանում էլ են հարցում իրականացրել, եւ պարզվել է, որ գինը բոլորին «ձեռք է տալիս»:

Սակայն «Էլիտբաս» ընկերության ղեկավար Գուրգեն Նիկոսյանը Araratnews.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրականում ոչ թե իրենք են դիմել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, պատրաստակամություն հայտնելով սպասարկել փորձնական երթուղին, այլ նախարարությունն է իրենց դիմել: «Ես չեմ որոշել, կառավարությունն է որոշել: Տրանսպորտի նախարարությունն է դիմել, ասել են` լավ  գործ են ուզում սկսել ժողովրդի համար, ես էլ համաձայնվել եմ: Ցանկացած լավ առաջարկ  գործի հետ կապված մենք պատրաստ ենք,- ասաց Նիկողոսյանը, մեկ անգամ եւս պնդելով, որ դիմող կողմը նախարարությունն է եղել: – Ես ի՞նչ գործ ունեմ դիմեմ, դիմեմ ինչ ասեմ, ասեմ` տվեք գնամ օդանավակայա՞ն քշեմ»,- ասաց ընկերության ղեկավարը: Իսկ ինչ վերաբերում է ուղեվարձին, ապա նա նշեց, որ այս պահին վաղ է գնահատական տալ, չի բացառվում, որ այն փոփոխության ենթարկվի:

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top