Շաբաթ , 20 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Նայել է դստեր լուսանկարին, համբուրել թոռնիկների անմեղ աչուկները

    Նայել է դստեր լուսանկարին, համբուրել թոռնիկների անմեղ աչուկները

    Նայել է դստեր լուսանկարին, համբուրել թոռնիկների անմեղ աչուկները
    Հունվար 12, 2018 16:45 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Գյումրիում բնակվող Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի դաժան սպանությունից անցել է երեք տարի: 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրին ու ամբողջ Հայաստանը ցնցվեց դաժան լուրից: Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը սպանել է մի ամբողջ ընտանիք: Պերմյակովը զենք էր բարձրացրել նաեւ մանկահասակ երեխաների վրա: Մյասնիկյան 188 հասցեում իրենց տան մեջ սպանված գտան Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, միայն 6 ամսական երեխան էր ողջ մնացել՝ վիրավորված, որն ավելի ուշ մահացավ:

    Դեպքի առնչությամբ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերի հատկանիշներով և 34-329-րդ հոդվածի 1-ն մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձը: Դատավճռի համաձայն՝ Պերմյակովը մեղավոր ճանաչվեց իրեն մեղսագրվող բոլոր արարքներում և սպանության հոդվածի համար դատապարտվեց ցմահ ազատազրկման:

    Սպանության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի հարսի` Արաքսյա Պողոսյանի հայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ անցնող երեք տարիների ընթացքում այդպես էլ հարազատները չստացան իրենց հուզող հարցերից ամենագլխավորի պատասխանը. Ինչո՞ւ… ինչո՞ւ ռուս զինծառայողը ոչնչացրեց մի ամբողջ ընտանիք:

    Արաքսա Պողոսյանի հայրը հայտնեց, որ ընթացած դատավարությունից իրենք դժգոհ են: «Ոչ մի բան չբացահայտվեց, լրիվ մնաց անորոշ,- ասաց Անդրանիկ Պողոսյանը: – Մենք դժգոհ ենք դատավարությունից, բոլորն էլ գիտեն, որ դա դատավարություն չէր, այլ աբսուրդ: Թատերական եսիմ ինչ էր, սարքեցին` գնաց»:

    Այսօր էլ Ավետիսյանների հարազատներն այցելել են գերեզմաններ, ծաղիկներ դրել սպանվածների շիրիմներին: Հայրը նայել է դստեր լուսանկարին, համբուրել թոռնիկների անմեղ աչուկները:

    Անդրանիկ Պողոսյանն ասում է` սիրտը կծկվում է: Ցավը խեղդում է զավակին ու թոռներին կորցրած պապին: Նա երկար ու արցունքոտ աչքերով կշարունակի նայել նրանց նկարներին, բացել այն դուռը, ուր երեք տարի առաջ սպանվեցին իր հարազատները, չունենալով հարցերից հարցի պատասխանը` ինչո՞ւ:

    Փոքրիկ Հասմիկի  ու վեց ամսական Սերյոժայի լուսանկարները Անդրանիկ պապի գրպանում են՝ սրտին մոտ:

    Հավելենք, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով տուժող Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդների` Անդրանիկ և Նարինե Պողոսյանների կողմից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության դեմ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ նյութական փոխհատուցման և դատավարական իրավունքի խախտումների մասով:

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top