Գլխավոր Լուրեր Ներկայացվել է ՀՀ կառավարության ռազմավարական շրջանակը

Ներկայացվել է ՀՀ կառավարության ռազմավարական շրջանակը

3
0

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական քննարկումը:

Պայմանավորվածության համաձայն՝ նախորդ քննարկումից երեք ամիս անց Հայաստանում աջակցության ծրագրեր իրականացնող երկրների դեսպանների ու միջազգային կազմակերպությունների հայկական ներկայացուցչությունների, ինչպես նաև Կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Կառավարության ռազմավարական շրջանակը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ևս մեկ անգամ կարևորելով այս ձևաչափով հանդիպումների կազմակերպումը, հույս է հայտնել, որ ռազմավարությունների մշակման գործընթացում Հայաստանի զարգացման գործընկերներն իրենց զգալի ներդրումը կունենան:

ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփն ընդգծել է. «Փոխվարչապետի կողմից կառավարության գերակայությունների և ռազմավարական ուղղությունների վերաբերյալ մանրամասն ներկայացումը Զարգացման գործընկերների համակարգման այսօրվա հանդիպմանը չափազանց օգտակար է: Բոլոր գործընկերները գնահատում են Կառավարության պատրաստակամությունը ներգրավելու միջազգային համայնքին այս կարևոր ռազմավարական փաստաթղթերի մշակման և իրականացման գործընթացում՝ հավակնոտ ռեֆորմներ իրականացնելու և նոր Հայաստանի տեսլականին հասնելու նպատակով»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Կառավարության ռազմավարական շրջանակը՝ առանձին ոլորտներում նախանշված գերակայություններն ու ակնկալվող բարեփոխումները:

Այնուհետև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին: