Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ներկայացվել է Երեւանի տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը

    Ներկայացվել է Երեւանի տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը

    Ներկայացվել է Երեւանի տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը
    Հուլիս 17, 2019 10:31 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեւանի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը ներկայացվել է նոր ցանցի վերջնական նախագիծը:

    Քննարկմանը ներկա են եղել քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, Երեւանի ավագանու անդամներ, հասարակական հատվածի ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաեւ՝ նոր ցանցի ներդրման միջոցառումները քննարկելու նպատակով ՀՀ փոխվարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամներ:

    Կարեւորելով մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը՝ քաղաքապետ Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ դրա ներդրման շնորհիվ Երեւանը վերջապես կունենա քաղաքի բնակիչներին վայել փոխադրական համակարգ:

    Եզրափակիչ հաշվետվություն են ներկայացրել Երեւան այցելած բրիտանական WYG խորհրդատվական ընկերության պատվիրակության անդամները, որոնք, մասնավորապես, նշել են, որ հասարակական տրանսպորտի ժամանակակից միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային եւ տոմսային ճկուն համակարգ, տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաեւ փոխադրամիջոցների քանակը. կգործարկվի 845 ավտոբուս եւ 101 տրոլեյբուս:

    Ավտոբուսների թվում ներառված են նաեւ պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում: Ավելի քան երեք անգամ կրճատվելու է նաեւ ցանցի երկարությունը: Սա չի նշանակում, թե նվազելու է ծածկույթը, պարզապես կպակասեն կրկնվող գծերը, որի շնորհիվ հնարավորություն կլինի ցանցի կիրառման եւ շահագործման ընթացքում լուրջ խնայողություններ անել, ինչը էապես կթեթեւացնի սակագնային բեռը:

    Հասարակական տրանսպորտը հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կարիքներին:

    Հարցուպատասխանի միջոցով մասնակիցները ներկայացրել են նաեւ իրենց առաջարկներն ու դիտարկումները՝ նոր երթուղային ցանցի սպասարկման, ծրագրի ներդրման, նախատեսվող ավտոբուսների տեխնիկական հնարավորությունների, սակագնի հաշվարկման, էլեկտրատրանսպորտի զարգացման եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ:

    «Տրանսպորտը կարեւոր ռազմավարական նշանակության տարր է մեզ համար, ուստի, այս պահին ավելի հակված ենք ծրագիրը 100%-ով իրականացնել համայնքային եւ պետական ուժերով եւ հետո հասկանալ, թե դրա որ մասը կարելի է պատվիրակել մասնավոր հատվածին»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել WYG ընկերությանը համագործակցության եւ Երեւանի հանրային տրանսպորտի բարեփոխման մասնագիտական խմբին՝ կատարած աշխատանքի համար:

    «Սա ծանր բեռ ու մեծ պատասխանատվություն է, որն իրենց ուսերին կրում են պետությունն ու Երեւան համայնքը: Հուսով ենք, որ ցանցը գործարկելու ժամկետը չի գերազանցի երկու տարին»,- ընդգծել է Հայկ Մարությանը:


    Նման թեմաներ

    scroll to top