Երեքշաբթի , 17 Հունվար 2017

  •  USD   Առք` 484.50   Վաճառք` 488.50   ՀՀ ԿԲ` 485.92   
  •  EUR   Առք` 516.00   Վաճառք` 526.00   ՀՀ ԿԲ` 514.49   
  •  CHF   Առք` 460.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 480.02   
  •  GBP   Առք` 580.00   Վաճառք` 597.00   ՀՀ ԿԲ` 586.07   
  •  RUB   Առք` 8.16   Վաճառք` 8.37   ՀՀ ԿԲ` 8.16   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 200.00   ՀՀ ԿԲ` 181.08   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Ներսես Պողոսյանի խափանման միջոց կալանքը չի փոխվի. դատախազություն

Ներսես Պողոսյանի խափանման միջոց կալանքը չի փոխվի. դատախազություն

Հունվար 12, 2017 13:06 Լուրեր, Հասարակություն A+ / A-

0000000

Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված եւ շուրջ 7 ամիս կալանքի տակ գտնվող 37-ամյա Ներսես Պողոսյանն արդեն 29 օր է՝  հացադուլ է հայտարարել՝ պահանջելով փոխել իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը եւ իրեն ազատ արձակել:

Հացադուլ հայտարարելուց մի քանի օր անց նշված պահանջով Պողոսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, սակայն որևէ արձագանք չի ստացել:

Araratnews.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ խնդրելով պատասխանել՝ ընթացք տրվե՞լ է Ներսես Պողոսյանի դիմումին, հնարավո՞ր է  նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվի: Դատախազությունից ստացված պատասխանում նշված  է.

«Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ Ներսես Պողոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու նախաքննության մարմնի որոշման դեմ բերված վերջինիս բողոքը նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից օրենքով սահմանված կարգով քննարկվել և կայացվել է համապատասխան որոշում, որի օրինակն ուղարկվել է բողոք բերած անձին:

Միաժամանակ հայտնում ենք, որ կիրառված խափանման միջոց կալանավորումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածով սահմանված կարգով դատախազի կողմից փոփոխելու կամ վերացնելու հիմքերը ներկայումս բացակայում են»:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ լրագրողների հետ զրույցում խոսել էր Պողոսյանի դիմումից՝ նշելով. «Դատախազությունը, բնականաբար, ցանկացած խափանման միջոց կալանք ընտրված անձի հիմնավորումներին անդրադառնում է պարբերաբար: Այդ թվում՝ նաև Ներսես Պողոսյանի գործով: Եվ, բնականաբար, իր իրավունքն է՝ ուշադրության արժանանալ այս առումով: Բայց քրեական գործով ձեռք բերված հիմքերի բավարարությունը մշտապես դատախազության ուշադրության կենտրոնում է»:

Գլխավոր դատախազի հայտարարությանը երեկ արձագանքեցին  Ներսես Պողոսյանի պաշտպանները, նշելով, որ «եթե հացադուլ հայտարարելով Ներսես Պողոսյանն ուշադրության արժանանալու ցանկություն ունենար, նա դա կարող էր կատարել 2016 թվականի մայիսի 31-ից, երբ ձերբակալվեց և հետագայում նաև կալանավորվեց»:

Հավելենք նաեւ, որ երեք անչափահաս երեխաների հայրը մտադիր է անցնել ջրադուլի, նրա ընտանիքը երեկ դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակ՝ ուշադրություն հրավիրելու Ներսեսի առողջական ծանր վիճակի վրա:

Հիշեցնենք՝ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016-ի մայիսի 31-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության հետևանքով ապօրինի զենք եւ ռազմամթերք պահելու մեջ: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, եւ գործն ուղարկվել է դատարան:

Շողիկ Գալստյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top