Գլխավոր Լուրեր Նիդերլանդներում գտնվող հայ երեխաների արտաքսված մայրը թուլտվություն է ստացել վերադառնալ նրանց մոտ

Նիդերլանդներում գտնվող հայ երեխաների արտաքսված մայրը թուլտվություն է ստացել վերադառնալ նրանց մոտ

9
0

Հայազգի քույր և եղբայր Հովիկի և Լիլիի՝ Հայաստան արտաքսված մայրը հնարավորություն է ստացել վերադառնալ Նիդերլանդներ՝ երեխաների մոտ: Այս մասին տեղեկացնում է նիդեռլանդական «NL Times.nl»-ը:

«Նիդերլանդներում անցյալ տարի նախատեսված արտաքսման շուրջ ծավալված իրադարձություններից հետո մնալու թույլտվություն ստացած հայազգի Լիլիի ու Հովիկի մայրը թույլտվություն է ստացել վերադառնալ Նիդերլանդներ: Նա, հավանաբար, կմիանա իր երեխաներին մյուս ամիս»,- «NU.nl »-ին այս մասին հաստատել է ընտանիքը ներկայացնող փաստաբանը:

Փաստաբանը հայտնել է, որ մայրը՝ Արմինեն շատ ուրախ է, որ շուտով կմիանա իր երեխաներին:

Երեխաները Նիդերլանդներ էին գնացել իրենց մոր՝ Արմինե Համբարձումյանի հետ 2008-ին Ռուսաստանից: Նրանք Նիդերլանդներից ապաստան են խնդրել, որի պատասխանը ստացել են 9 տարի անց միայն՝ 2017թ.-ին: Պատասխանը բացասական է եղել և նրանց Հայաստան արտաքսելու մասին որոշում է կայացվել: Արմինե Համբարձումյանն արտաքսվել է 2017-ին, սակայն երեխաները մնացել էին Նիդերլանդներում, քանի որ իշխանությունները նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն ունեցել, իսկ մայրը թաքցրել է երեխաների գտնվելու վայրը: 2018թ. սեպտեմբերի 3-ին երեխաները դուրս են եկել թաքստոցից: Երեխաները երբեք Հայաստանում չեն եղել և չեն խոսում հայերեն: Նրանց դատապաշտպանը վիճարկել է, որ երեխաների մայրը ի վիճակի չէ նրանց մասին հոգ տանել պատշաճ կերպով:  

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 7-ին Նիդերլանդների երեխաների օմբուդսմեն Մարգարիտ Կլավերբոյերը հայտարարել էր, որ երկրից հայազգի երկու երեխաներին՝ 12-ամյա Լիլիին ու 13-ամյա Հովիկին Հայաստան արտաքսելը համարվում է երեխաների հիմնարար իրավունքների խախտում: Օմբուդսմենը մտահոգություն էր հայտնել երեխաների ապրելու վայրի և դպրոցի հետ կապված խնդիրների վերաբերյալ: Օմբուդսմենը նկատել էր, որ երեխաների ապագան Նիդերլանդներում է, այս հարցը նա քննարկել է արդարադատության նախարար Մարկ Հարբերսի հետ: Վերջինս իրավունք ուներ երեխաներին տրամադրել բնակության իրավունք, սակայն մինչ օրս հրաժարվել է դա անել:

Խնդրին անդրադարձել էր նաև Նիդերլանդների արքայադուստր Լաուրենտինը: Նա երկրի կառավարությանը կոչ էր արել թույլ տալ երեխաներին մնալ: Չնայած բոլոր արձագանքներին՝ երեխաները Հայաստան պիտի արտաքսվեին սեպտեմբերի 8-ին, սակայն երեխաները թաքնվել էին: Ավելի ուշ Նիդերլանդների արդարադատության նախարար Մարկ Հարբերսը, օգտվելով իր լիազորություններից, բնակության թույլտվություն էր շնորհել երեխաներին: