Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի այցելությունը Մաաստրիխտ

    Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի այցելությունը Մաաստրիխտ

    Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի այցելությունը Մաաստրիխտ
    Ապրիլ 26, 2019 16:00 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ապրիլի 25-ին Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Մաաստրիխտ, ուր հանդիպում է ունեցել քաղաքապետ Անմարի Պեն-տե Ստրակեի (Annemarie Penn-te Strake) հետ։

    Դեսպան Բալայանը քաղաքապետ Պեն-տե-Ստրակեին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները, ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը։

    Մաաստրիխտի քաղաքապետը նշել է, որ իր ղեկավարած քաղաքը պատմականորեն կապված է Հայաստանի և հայ ժողովրդի հետ, քանի որ քաղաքի հովանավորն է համարվում հայազգի Սուրբ Սերվանտիուսը, ում անունն է կրում քաղաքի գլխավոր վանքերից մեկը։ Անմարի Պեն-տե Ստրակեն բարձր է գնահատել Մաաստրիխտի հայ համայնքի կարևոր ներգրավվածությունը և օրինակելի դերակատարությունը քաղաքի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում։ Այս համատեքստում դեսպան Բալայանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին հայ համայնքի նկատմամբ մշտական ուշադրության, նրանց ազգային ինքնության պահպանման համար նպաստավոր պայմանների ստեղծման և նրանց նախաձեռնություններին աջակցության համար։

    Այնուհետև դեսպան Բալայանը հանդիպել է Մաաստրիխտի համալսարանի ռեկտոր Ռիան Լետշերտի (Rianne Letschert) հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել գիտակրթական բնագավառում Մաաստրիխտի համալսարանի և հայաստանյան բուհերի միջև համագործակցության ուղիների շուրջ։ Հայաստանի դեսպանն ու Մաաստրիխտի համալսարանի ռեկտորն անդրադարձել են ցեղասպանագիտության ոլորտում փոխգործակցության հաստատմանը։ Այս առումով Տիգրան Բալայանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն հանդիսացող կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ գործադրվող ջանքերը, միջազգային ասպարեզում առաջնորդող դերակատարությունը։

    ՀՀ դեսպանը Մաաստրիխտի համալսարանի գրադարանին է նվիրել շուրջ երկու տասնյակ գրքեր՝ Հայաստանի պատմության, հայկական մշակութային ժառանգության մասին։

    Նույն օրը Տիգրան Բալայանը Մաաստրիխտի Սուրբ Կարապետ Հայ առաքելական եկեղեցում հանդիպել է քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։


    Նման թեմաներ

    scroll to top