Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Նիկոլը փոշմանի՞․ գյադաների ժամանակն անցել է

    Նիկոլը փոշմանի՞․ գյադաների ժամանակն անցել է

    Նիկոլը փոշմանի՞․ գյադաների ժամանակն անցել է
    Սեպտեմբեր 14, 2018 15:37 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս գլուխ դնել,- հայտարարել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում: Բանտի ճանապարհը բռնած և ոչ մի կերպ կապիտուլյացիան չընդունող Քոչարյանը որոշել է խոսել իրեն հատուկ ոճով՝ սպառնալիքներով:

    Երևան Տոնավաճառ

    Ինչ խոսք, հայ հասարակությունը տեսել է Քոչարյանի արյունոտ տասնամյակն ու գիտի, թե ի՛նչ է լինում այն մարդկանց հետ, ովքեր որոշում էին գլուխ դնել նրա հետ: Բայց Քոչարյանն այստեղ մի կարևոր հարցում սխալվում է: Արդեն մի քանի ամիս է՝ ինչ Հայաստանում ավարտվել է, ինչպես դասականն էր բնորոշում՝ «գյադաների ժամանակը», ու եկել են ժողովրդի իշխանության,  օրենքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքակրթության բաղձալի ժամանակները:

    Հարց է առաջանում. ժողովրդի խանդավառության այս ժամանակներում Նիկոլը փոշմանի՞: Երբ Քոչարյանն ասում է՝ Նիկոլը կփոշմանի, շատ ուղիղ կերպով ակնարկում է, որ ժողովուրդն է փոշմանելու: Սա սպառնալիք է ոչ միայն Փաշինյանի անձին, այլև ողջ ժողովրդին, որովհետև Նիկոլ Փաշինյանը որպես անհատ գործիչ ոչինչ անել չի կարողանա ու չէր կարողանա, եթե չունենար հայ ժողովրդի աջակցությունը: Քոչարյանը, որ կարծել է, թե երկրում իրենից բացի այլ տղամարդ չկա, որ կարողանա իշխանության ղեկը ստանձնել, մոռանում է, որ վաղուց արդեն նոր սերունդ է եկել, և ի տարբերություն իր ժամանակների, տեխնոլոգիաներն են փոխվել: Քոչարյանը չի գնահատում իրավիճակն այնպես, ինչպես կա այս պահին:

    Շատերին թվում է, թե Քոչարյանն իրոք ցանկանում է վերադառնալ քաղաքականություն և երկրի կառավարմանը մասնակցելու հայտ է ներկայացրել: Իրականում Քոչարյանը ցանկանում է իր ներկայությամբ  հիշեցնել, թե ինքն ինչերի է ընդունակ և այս տեսակ սպառնալիքներով Փաշինյանին ու նոր թիմին հետ պահել Մարտի մեկի և մյուս հանցագործությունների բացահայտումից՝ այդկերպ պաշտպանելով նաև այն միլիարդները, որոնք անշուշտ գողացվել են հայ ժողովրդից: Միլիարդները պաշտպանելիս Քոչարյանը չի խնայելու ոչ մի միջոց: Եթե իշխանությունները զսպված չգործեն, մենք հավանաբար ականատես կլինենք այնպիսի իրավիճակի, ինչպիսին կար 90-ականներին Կոլումբիայում, երբ Էսկոբարն էր պատերազմ հայտարարել պետությանը: Ի տարբերություն Էսկոբարի, Քոչարյանը այստեղ աջակցություն չունի (Մեդելին քաղաքը մեծից փոքր սատարում էր Էսկոբարին ): Քոչարյանն իհարկե նարկոբարոն չէ, ինչպիսին Էսկոբարն էր, բայց Քոչարյանն ունի այնքան փող և հնարավորություն, որ կարող է բացահայտ պատերազմի մեջ մտնել պետության հետ:

    Կա նաև երկրորդ տարբերակ: Քոչարյանականների համար երկրորդ տարբերակը կարճաժամկետ լուծումներն են: Ամեն կերպ ինտրիգներ ստեղծելով՝ փորձում են խանգարել կառավարության ու Փաշինյանի բնականոն աշխատանքը: Մի ձայնագրություն՝ և ամբողջ պետական կառավարման համակարգն իրարով էր անցել՝ այդկերպ խաթարելով պետական ինստիտուտների բնականոն աշխատանքը: Ստացվում է, որ իշխանություններն իրենց գործերը թողած՝ «թիթեռ են նկարում»:

    Ինտրիգների մեջ մտնելու այս խայծը պետք է անտեսել և դիմանալ այն գայթակղությանը, որի մեջ ներքաշում են իշխանություններին: Օրենք ու օրինականություն հաստատելն այդքան էլ հեշտ չի լինելու, սակայն ամեն ինչ հաջողելու է, որովհետև այս ամենի գլխավոր կամեցողը ժողովուրդն է, ու Քոչարյանին դատելու, գողացվածը հետ բերելու, երկրում կարգուկանոն հաստատելու հարցում հայ ժողովուրդը կոնսոլիդացված է:

    Նիկոլը չի փոշմանի՝ գլուխ դնելու համար, ժողովուրդը չի փոշմանի:

    Հարություն Մկրտչյան


    scroll to top