Գլխավոր Լուրեր Նոբելյան մրցանակից մինչև տաքսու վարորդ. Մարտիրոս Ծառուկյանի պատմությունը

Նոբելյան մրցանակից մինչև տաքսու վարորդ. Մարտիրոս Ծառուկյանի պատմությունը

7
0

Այսօր ակադեմիական, մշակութային և գիտական ձեռքբերումների համար Նոբելյան մրցանակը թերևս համարվում է ամենակարևոր և նշանակալից գնահատականը: Այս մրցանակին են արժանացել գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից ու ազգություններից, և երևի քչերը գիտեն, որ նրանցից մեկը հայ է. նա Մարտիրոս Ծառուկյանն է: Նրա հետ Araratnews.am-ը զրուցել է մրցանակը ստանալու պատմության, իր գործունեության և այլ հարցերի մասին:

Պարոն Ծառուկյան, տարբեր ոլորտներում մենք ունեցել ենք հայ գիտնականներ, ովքեր Նոբելյան մրցանակի հավակնորդներ են եղել, բայց այդպես էլ չեն ստացել այն: Ինչպե՞ս ստացվեց Ձեզ մոտ:

Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբում (IPCC) ես եղել եմ Հայաստանի ներկայացուցիչը: Խումբը ստեղծվել է 1988-ին, որի նպատակն էր ուսումնասիրել, թե արդյոք իսկապե՞ս փոփոխությունը մարդածին բնույթ ունի, թե՞ ոչ, և եթե ապացուցվեր, որ դա անտրոպոգեն երևույթ է, դրա դեմ պայքարելու միջոցներ ձեռնարկվեին: Հենց այդ ժամանակից սկսեցինք աշխարհով մեկ համապատասխան գրականության վերլուծություն և այդ վերլուծությունների արդյունքում 5 տարին մեկ եզրակացություններ և հաշվետվություններ էինք ներկայացնում: Արդեն 4-րդ զեկույցի ժամանակ, երբ 2007 թվականին հավաքվել էինք Վալենսիայում, իմացանք, որ մեր խումբն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի. դա շուրջ 20 տարվա աշխատանքի արդյունքի գնահատականն էր:

Այնտեղից վերադառնալուց հետո ինձ ուղարկեցին նաև մրցանակի իմ անհատական օրինակը և շնորհակալական նամակ, որում նշվում էր, որ այն ինձ է տրվում խմբի աշխատանքներում նշանակալի ներդրման համար:

Նոբելյան մրցանակը Ձեզ համար երբևէ երազանք եղե՞լ է, թե՞ այն ստանալը ուղղակի ստացվեց:

Ոչ, մտքովս երբեք չի անցել, որ կարող է այդպիսի մրցանակ ստանամ, դե, այդպես հանգամանքի բերումով եղավ այդ աշխատանքը: Դրանից հետո շատերը հարցնում էին, թե մրցանակի հետ եղած դրամական պարգևն ի՞նչ եղավ. ասեմ, որ որոշվեց այդ գումարով  խումբ ստեղծել և խրախուսել այն գիտնականներին, ովքեր զբաղվում են կլիմայի փոփոխության հետազոտությամբ: Ֆոնդը ստեղծվեց, այսօր նաև կամավոր ներդրումներ են լինում տարբեր կազմակերպություններից, և այն բարեհաջող գործում է:

Դուք այսօր, բացի մասնագիտական գործունեությունից, նաև այլ աշխատանք եք կատարում՝ տաքսի եք վարում

Ես այդ գործը տհաճությամբ չեմ անում, ինձ դուր է գալիս դինամիկան, մարդկանց հետ շփումը, երբ ազատ ժամանակ եմ ունենում, այո, անում եմ այդ գործը, զուգահեռ նաև պայմանագրեր են լինում տարբեր կազմակերպությունների հետ, որոնք անում եմ:

Տաքսու այս տարբերակն ինձ հարմար է, երբ կարողանում ես՝ համակարգը միացնում ես, երբ չէ՝ անջատում ես. այն ուղղակի ինչ-որ հարցեր լուծում է:

Մրցանակը ստանալուց հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:

Եթե ասեմ՝ շատ բան է փոխվել, ճիշտ չի լինի: Ես ոնց աշխատում էի իմ աշխատանքի վայրում, այդպես էլ շարունակեցի աշխատել: Ինչ-որ հատուկ բաներ չեղան այդ ամենը ներկայացնելու համար: Հաղորդումներ եղան, հոդվածներ եղան, բայց դրանից հետո մոռացվեց:

Ձեր մասին շատ չխոսելը, Նոբելյան մրցանակակիր լինելը չշահարկելը Ձե՞ր ընտրությունն է եղել:

Ես ինքս էությամբ ինչ-որ բաներ դրոշակ սարքող չեմ, խառնվածքս այդպիսին է, իմ կողմից նախաձեռնություններ չեղան այդ փաստն անընդհատ ակտիվ պահելու: Անհամեստություն չթվա, բայց ես համեստ մարդ եմ: Բայց, ամեն դեպքում, երբեք չեմ փախել լրագրողներից, միշտ հասանելի են եղել:

Տարիներ առաջ բնապահպանության նախարարությունում եք աշխատել, այդ ժամանակ ոլորտում ի՞նչ խնդիրներ կային, և ի՞նչ ծրագրեր եք արել և խնդիրների համար ի՞նչ լուծումներ եք առաջարկել:

Այն ժամանակ օրենսդրական դաշտը որոշակի փոփոխությունների ենթարկեցինք, օրինակ՝ ավտոտրանսպորտի հետ կապված: Ես, մասնավորապես, զբաղվում էի տրանսպորտի արտանետումների հարցերով: Բավականին օրենսդրական կարգավորումներ եղան, այլ բան է, որ դրանց կիրառումն ապահովելու առումով խնդիրներ եղան: Մասնավորապես այդ չեզոքացուցիչների առկայության ստուգումների հետ կապված, որ պետք էր ժամանակին համապատասխան մարմինները ստուգեին՝ արդյոք մեքենաներն ունե՞ն չեզոքացուցիչներ, թե՞ ոչ, այդտեղ ինչ-որ բաներ եղան երևի, այսինքն՝ այն ոչ լիարժեք կիրառվեց:

Իսկ այսօր հիմնական խնդիրը մնացել են քաղաքի փոշին, որը կապված է քաղաքի անբարեկարգության հետ, և ազոտի օքսիդները:

Իսկ ինչո՞ւ թողեցիք նախարարությունում ձեր աշխատանքը:

Այնտեղ աշխատակիցների, մասնավորապես՝ իմ նկատմամբ վերաբերմունքը մի տեսակ ադեկվատ չէր ղեկավարության, հատկապես նախարարի կողմից: Մի խոսքով՝ արժանապատվության հետ անհամատեղելի գտնվեց՝ և՛ մասնագիտական արժանապատվությունը նկատի ունեմ, և՛ մարդկային: Գերադասեցի դուրս գալ նախարարությունից:

Այսօր երիտասարդ գիտնականների հետ կապված ի՞նչ խնդիրներ կան, ի՞նչ վիճակում եմ մեր գիտնականները:

Շատ դժվար, բարդ իրավիճակում են: Գիտության նկատմամբ վերաբերմունքը շատ իմիջիայլոց է, հատկապես ֆունդամենտալ գիտությունը չի դիտվում որպես Հայաստանի համար ակտուալ խնդիր, մինչդեռ շատ տաղանդավոր մարդիկ, գիտնականներ, որոնք շատ լուրջ հայտնագործություններ են անում, գնահատվում են աշխարհում, և տարբեր երկրներում օգտագործում են այդ արդյունքները: Իսկ Հայաստանում բոլորին հայտնի ինչ-ինչ պատճառներով առաջնահերթություն չի տրվում գիտությանը:

Հուսով եմ՝ հիմա այդ հարցը կվերանայվի, չէ՞ որ արդեն նոր Հայաստանում ենք ապրում:

Այսօրվա կառավարությունից ի՞նչ ակնկալիքներ ունեք:

Ես կոնկրետ ինձ համար որևէ ակնկալիք չունեմ, իսկ ընդհանրապես Հայաստանի համար շատ մեծ ակնկալիքներ ունեմ, որովհետև համոզված եմ, որ մեր ժողովուրդը շատ արժանի ու մեծ պոտենցիալ ունեցող ժողովուրդ է, և եթե անընդհատ չփորձեն մեր ժողովրդի ողնաշարը միտումնավոր կոտրել, նույնիսկ չեզոք դիրք գրավելու դեպքում էլ մենք շատ մեծ արդյունքների կհասնենք, էլ չեմ ասում՝ եթե օժանդակություն լինի: Տրամադրված եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու:

Այլ երկրներից բազմաթիվ աշխատանքային առաջարկներ եք ունեցել, որոնք մերժել եք: Ի՞նչը ձեզ ստիպեց չգայթակղվել արտասահմանում ավելի բարեկեցիկ կյանք ունենալու հեռանկարով:

Ես շատ եմ շրջագայել, աշխարհի շատ երկրներում եմ եղել և ամեն անգամ համոզվել եմ, որ գոնե հայի համար լավագույն ապրելու տեղը Հայաստանն է: Հազարումի թելերով եմ կապված ծննդավայրիս, հայրենիքիս հետ, և հայրենիքը դատարկ բառ չէ, մարդու ներաշխարհի հետ կապող երանգներ ունի, և միշտ զգացել եմ այդ կապը: Մտքովս էլ չի անցել, որ կարող եմ ինչ-որ ուրիշ տեղ ապրել: Ես համոզված եմ եղել, որ երեխաներիս համար ապրելու և գործելու լավագույն միջավայրը Հայաստանում է, դրա համար չեմ գնացել:

Եթե հիմա կառավարությունում նոր աշխատանքի առաջարկ լինի, կհամաձայնե՞ք:

Նախարարն ինձ արդեն հրավիրել է իր մոտ, մենք զրուցեցինք, և ես ասացի, որ հիմա պետք է երիտասարդությանը ճանապարհ տալ և իրենց օգնել: Իրենք ունեն մեզ անհրաժեշտ ճկունությունը, գործելու եռանդը, որ մեր մեջ տարիքի հետ նվազում է, բայց մենք էլ ունենք տարիների փորձ և որոշ իմաստություն, որը լավ կլիներ համատեղել այդ եռանդի հետ: Այնպես որ, այդ խորհրդատվական դաշտում ես տեսնում եմ իմ կարիքը և իմ օգտակարությունը մեր երկրին, այդ առումով պատրաստ եմ գործելու:

Հարցազրույցը՝ Էմմա Հովսեփյանի