Գլխավոր Լուրեր Նոր մանրամասներ Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպից

Նոր մանրամասներ Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպից

15
0

Երեկ՝ ապրիլի 27-ին, Եղեգնաձոր քաղաքում Քաղաքացու օրվա միջոցառման ժամանակ տեղում ծառայություն իրականանող ոստիկանության աշխատակիցները կանխել են ծեծկռտուքը և ոստիկանության բաժին են տարել Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանին, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սետրակյանին, սակայն Սերգեյ Բագրատյանին բաժին չեն տարել, քանի որ նա ԱԺ պատգամավոր է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եղեգնաձորի ոստիկանության պետ, փոխգնդապետ Արմեն Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը Ոստիկանությունում հաղորդում է տվել, որ իրեն հայհոյել են և քաշքշել. դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։

«Դեռևս քրեական գործ չի հարուցվել, նախապատրաստվել են նյութեր, սպասում ենք հետագա ընթացքին»,- ասաց Արմեն Հարությունյանը։

Հարցին, թե ի՞նչն է եղել միջադեպի պատճառը, Արմեն Հարությունյանն ասաց, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ամեն ինչ պարզ կլինի, նախաքննությունը կպարզի հանգամանքները։

Ոստիկանությունում Ա. Սետրակյանը բացատրություն տալուց հրաժարվել է, նաև արյան փորձանմուշ չի հանձնել՝ ալկոհոլի առկայությունը ստուգելու համար, իսկ փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հանձնել է. նշանակվել է փորձաքննություն։

«Դեպքին համապատասխան ընթացք է տրվել օրենքի սահմաններում»,- նշեց Եղեգնաձորի ոստիկանության պետը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայք քաղաքի բնակիչ 38-ամյա Ռազմիկ Տոնոյանի կողմից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ 56-ամյա Սերգեյ Բագրատյանը և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել: