Գլխավոր Լուրեր Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար նախարարությունը նոր ժամկետներ է սահմանել

Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար նախարարությունը նոր ժամկետներ է սահմանել

4
0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության ժամկետները երկարաձգվել են:

ՀՀ բարձրագույն, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար գերատեսչությունը սահմանել է փաստաթղթեր ներկայացնելու և ընդունելության ժամկետներ: Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդներն ընդունելության համար կարող են դիմել մինչև 2019 թվականի օգոստոսի 23-ը ներառյալ: Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար սահմանված ժամկետը մինչև 2019 թվականի սեպտեմբերի 20-ն է:

Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ կարող են դիմել մինչև 2019 թվականի հոկտեմբերի 7-ը ներառյալ, իսկ վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի հոկտեմբերի 11-ը ներառյալ:

Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ ընդունելության ժամկետը երկարաձգվել է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 10-ը ներառյալ, իսկ վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ: Վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար դիմորդները կարող են դիմել մինչև 2019 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ: Վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելության համար սահմանված ժամկետը մինչև 2019 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ է:

Սփյուռքահայերի փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում՝ 13:00-14:00): Օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում` 13:00-14:00):