Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » Պահածոների թիրախային շուկան Ռուսաստանն է

    Պահածոների թիրախային շուկան Ռուսաստանն է

    Օգոստոս 11, 2017 11:31 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    pahaco-600x338

    ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այցով մեկնել էր Արագածոտնի և Կոտայքի մարզեր՝ պտուղ-բանջարեղենի  մթերման  աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:

    Արագածոտնի մարզում ՀՀ գյուղատնտեսության նախարարը մարզպետ Աշոտ Սիմոնյանի և փոխնախարար Ռոբերտ Մակարյանի  ուղեկցությամբ այցելել է «Թամարա ֆրութ» ՓԲԸ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, ներկայացրել նախարարության կողմից մշակված նոր ծրագրերը, որոնք ուղղված են ոլորտի բարելավմանը:

    Ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ գործարանի հիմնական ուղղվածությունը մրգի և բանջարեղենի վերամշակումն ու արագ սառեցումն է: Ընթացիկ տարում ընկերությունում գրանցվել է արտադրության ծավալների 20% աճ: Ունենալով սեփական մշակովի տարածքներ` ընկերության ղեկավարությունն առաջիկայում նախատեսում է միջոցներ ձեռնարկել ոռոգման կաթիլային համակարգի ներդրման ուղղությամբ:

    Բորիս Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց արտադրանքը մրցունակ է, մեծ մասն իրացվում է արտաքին շուկայում, այդ թվում` ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում, Իսրայելում և ԱՄԷ-ում: Նրա համոզմամբ` Գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված ծրագրով մթերումների դիմաց տարեկան 3% տոկոսադրույքով տրվող վարկերը կնպաստեն ոչ միայն իրենց ընկերության արտադրական հզորությունների ավելացմանը, այլև հնարավորություն կընձեռեն ընդլայնել արտահանման ծավալները:

    Գյուղատնտեսության նախարարն այնուհետև այցելել է «Եվրոթերմ» ՓԲԸ:  Գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ գործարանը հիմնականում մասնագիտացած է պահածոների, մուրաբաների, խյուսերի և խտանյութերի արտադրության ոլորտում: Ընթացիկ տարում մթերումների ծավալներն ավելացել են, մասնավորապես արդեն մթերվել է շուրջ 1100 տոննա ծիրան, շուտով կսկսվի դեղձի մթերման գործընթացը:

    Սեփական մշակովի տարածքների ոռոգման և արդյունավետության բարձրացման նպատակով 2014 թվականից ընկերությունում անցել են կաթիլային համակարգի: Գլխավոր տնօրենի խոսքով` առաջիկայում ընկերությունը մտադիր է օգտվել մթերումների դիմաց տրվող մատչելի վարկերի ծրագրից:

    Անդրադառնալով արտադրանքի իրացմանը` Վահե Ղազարյանը նշել է, որ արտադրված հյութերի 60%-ը և մուրաբաների ու պահածոների 90%-ն արտահանվում են, հիմնական թիրախային շուկան Ռուսաստանն է:

    Այցի ընթացքում Իգնատի Առաքելյանը եղել է նաև Կոտայքի մարզի «Արտաշես» և «ՎՎՎ գրուպ» ՍՊԸ-ներում, շրջել և ծանոթացել ընկերությունների  գործունեությանն ու արտադրատեսակներին:

    Ընկերությունների ղեկավարները նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել են ծրագրի կարևորությունը:

    Ամփոփելով այցի արդյունքները՝ նախարարը տեղեկացրել է, որ վերամշակող գործարաններն արդեն սկսել են մթերման գործընթացը, որն անցնում է սահուն կերպով և առանց խոչընդոտների:

    «Ընկերությունները տեղեկացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերի, մասնավորապես, մթերումների դիմաց մատչելի՝ տարեկան 3% տոկոսադրույքով, 1 տարի ժամկետով վերամշակող ընկերություններին մթերման վարկերի տրամադրման ծրագրի պայմանների մասին», – նշել է Իգնատի Առաքելյանը:

    Նախարարը նշել է, որ ծրագիրը փորձնական է, այս տարվա համար ծրագրի շրջանակում նախատեսվում է տրամադրել շուրջ 2.4 մլրդ դրամ, իսկ հաջողելու դեպքում հաջորդ տարիներին տրամադրվող  գումարի չափը կավելացվի:

     

    ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

    և հասարակայնության հետ կապերի բաժին

    Նման թեմաներ

    scroll to top