Գլխավոր Արցախ «Պահել ենք համերաշխության մթնոլորտը». Արայիկ Հարությունյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

«Պահել ենք համերաշխության մթնոլորտը». Արայիկ Հարությունյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

0
0

«Ազատ հայրենիք» կուսակցությունը կողմնակից էր կառավարման գործող համակարգի փոփոխությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր ձեզ հետ կկիսվեմ սեպտեմբերի 8-ին մեր հանրապետությունում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ իմ գլխավորած քաղաքական ուժի եւ իմ անձնական դիրքորոշումներով:

«Ազատ հայրենիք» կուսակցությունը կողմնակից էր կառավարման գործող համակարգի փոփոխությանը: Այդ առթիվ քննարկումներ ենք ծավալել կուսակցությունների պատասխանատուների ակտիվ մասնակցությամբ, սակայն քաղաքական կոնսենսուսի բացակայության պատճառով առաջարկվող մոդելը չի ընդունվել: Ընդհանուր առմամբ՝ բոլոր ուժերն էլ կիսում են այն մոտեցումը, որ գործող ՏԻՄ համակարգում էական փոփոխություններ են անհրաժեշտ, եւ, համագործակցության արդյունքում առաջիկայում մենք, այնուամենայնիվ, կգտնենք ընդունելի տարբերակը: Ես դրանում վստահ եմ:

Մենք, իհարկե, պահել ենք համերաշխության մթնոլորտը թե՛ ՏԻՄ օրենքում կատարված վերջին փոփոխությունների ընդունման եւ թե՛ ընթացիկ ընտրությունների ժամանակ, որին ինքնառաջադրմամբ մասնակցող թեկնածուների զգալի մասը «Ազատ հայրենիք» կուսակցության անդամներ են եւ համակիրները:

Հաջողություն մաղթելով համայնքի ղեկավարի եւ ավագանու համար առաջադրված բոլոր թեկնածուներին՝ ուզում եմ հույս հայտնել, որ, անկախ քաղաքական դիրքորոշումից, սեպտեմբերի 8-ին մենք կարձանագրենք օրինակելի եւ համերաշխության մթնոլորտում հանրային լայն աջակցություն վայելած ընտրություններ: «Ազատ հայրենիք»-ը ընտրական հանձնաժողովների կուսակցական անդամների եւ դիտորդների մակարդակով մեծապես կաջակցի գործընթացի կայացմանը:

Հ.Գ. Քանի որ հանդիսանում եմ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, անձնական դիրքորոշումս եմ ուզում հայտնել նաեւ մայրաքաղաքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների մասին: Կարծում եմ՝ նրանցից յուրաքանչյուրն էլ արժանի է զբաղեցնելու այդ բարձր ու պատասխանատու պաշտոնը: Եվ ուրախ եմ, որ նրանց աջակիցների թիմերում ակտիվ դերակատարում ունեն իմ կուսակից ընկերները: Ի դեպ, քաղաքապետի բոլոր թեկնածուներն էլ նախընտրական քարոզարշավը սկսել են յուրովի հետաքրքիր: Բարին ընդառաջ»: