Երեքշաբթի , 28 Փետրվար 2017

  •  USD   Առք` 484.50   Վաճառք` 488.50   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 510.00   Վաճառք` 520.00   ՀՀ ԿԲ` 515.50   
  •  CHF   Առք` 457.00   Վաճառք` 488.00   ՀՀ ԿԲ` 484.17   
  •  GBP   Առք` 592.00   Վաճառք` 611.00   ՀՀ ԿԲ` 610.18   
  •  RUB   Առք` 8.36   Վաճառք` 8.55   ՀՀ ԿԲ` 8.41   
  •  GEL   Առք` 176.00   Վաճառք` 196.00   ՀՀ ԿԲ` 188.13   
outputra5huxgif
Clear
-2°
Home » Լուրեր » Պապիկ, ես հասկացա, որ դու շատ լուրջ երգիչ ես. հարցազրույց Ռուբեն Մաթևոսյանի հետ

Պապիկ, ես հասկացա, որ դու շատ լուրջ երգիչ ես. հարցազրույց Ռուբեն Մաթևոսյանի հետ

Հունվար 12, 2017 14:19 Լուրեր, Մշակույթ A+ / A-

001

Այսօր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը նշում է ծննդյան 75-ամյակը: Araratnews.am-ը ընթերցողին է ներկայացնում մոտ մեկ տարի առաջ երգչի հետ ունեցած հարցազրույցը:

- Ինչպե՞ս եքՁեր ինքնազգացողությունն ինչպե՞ս է:

- Հրաշալի: Ինչպե՞ս պետք է իրեն զգա մեկը, որը գիտի, որ դեռ պիտանի է, գիտի իր գործը, ունի հրաշալի հանդիսատես եւ միշտ գնահատված է եղել:

- Արդեն կեսօր է, ի՞նչ եք հասցրել անել այսօր:
- Գնացել եմ աշխատանքի, գործիս օգտակար եմ եղել եւ եկել ձեզ մոտ. փոխանակ տուն գնամ, եկել եմ ձեզ հետ զրուցելու (ծիծաղում է.- հեղ.):

- Վերջերս լրացավ Ձեր 74-ամյակըինչպիսի՞ն են զգացողությունները:

- Այո, դարձա 74 տարեկան, իսկ այս տարին ինձ համար հոբելյանական է. կլրանա իմ 75 տարին, բայց ինձ համար տարիքը նշանակություն չունի. ավելի կարեւոր է 55 տարի բեմում լինելը:

Արածների եւ չարածների մասին հաճա՞խ եք խորհում:
- Ես շատ երջանիկ եմ, որ 18 տարեկանից պաշտոնական եթերով, որպես մենակատար, սկսել եմ հանդես գալ: Ժամանակները, իհարկե, պարտադրեցին նաեւ կիրթ լինել: Այն, ինչ ինձ տրված էր բնությունից, Աստծո պարգեւ էր, կար նաեւ երաժշտական նախնական կրթության դրոշմը. չէ՞ որ ես արդեն ավարտել էի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը եւ գրագետ էի, կարողանում էի երգերի բնագրերն ինքնուրույն ընթերցել: Բայց, միեւնույն է, մտածեցի՝ ես պետք է բարձրագույն կրթություն ստանամ, ընդունվեցի եւ ավարտեցի ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը՝ զուգահեռ ուսանելով կոնսերվատորիայի պրոֆեսոր Թամար Շահնազարյանի դասարանում: Ինձ վստահվել է հարյուրավոր երգերի կատարման իրավունք. այդ իրավունքը երգիչը կարող է ստանալ մի դեպքում. երբ ոչ միայն ժողովրդականություն է վայելում, այլեւ պրոֆեսիոնալ է եւ կարող է ստեղծել երգ: Երջանիկ եմ նաեւ նրա համար, որ իմ մեկնաբանությամբ երգերը դարձան սիրելի, եւ ժողովուրդը մինչ օրս երգում է: Կարեւորում եմ ապրածս կյանքը. բացարձակ պրոֆեսիոնալիզմի տարիներ էին, կարելի է ասել՝ մշակույթի զարգացման եւ ներկայացման ոսկեդար: Բոլոր թատրոններում, երաժշտական կոլեկտիվներում տիրում էր բացարձակ պրոֆեսիոնալիզմի գաղափարը:

04

- Ժողովուրդը սիրում եւ գնահատում է Ձեր արվեստըՁեր երգերըինչպես Դուք էլ նշեցիքոչ միայն լսումայլ նաեւ երգում ենՊարոն Մաթեւոսյանգաղտնիքը ո՞րն էի՞նչ եք անում Դուքոր չեն անում մյուսները:
- Շատ լուրջ հարց տվեցիր: Իմ մասին խոսել չեմ սիրում… Փոխարենը իմ մասին իրենց կարծիքներն են հայտնել բոլոր մեծերը, գուցե այս տարի լույս տեսնի հրաշալի գիրք՝ նվիրված իմ անցած ստեղծագործական ուղուն, որտեղ պատշաճ կերպով կնկարագրվի Ռուբեն Մաթեւոսյան արվեստագետի կատարած գործը, իբրեւ երգիչ՝ մակարդակը… Ես իրավունք չունեմ իմ մասին խոսելու: Կասեմ մի բան՝ շատ եմ սիրել իմ գործը, լուրջ եմ վերաբերվել իմ գործին, յուրաքանչյուր ելույթ ինձ համար եղել է քննություն: Բեմ դուրս չեմ եկել ինձ ցույց տալու համար: Միշտ ձայնս ուղղել եմ առ Աստված եւ երգել եմ ժողովրդիս համար, ոչ թե որ միշտ սիրելի լինեմ նրան, այլ պարզապես ուզեցել եմ, որ ժողովուրդը սիրի եւ գնահատի այդ երգը: Ժողովուրդն էլ սիրել եւ գնահատել է, դրա համար էլ այսքան տարիներ երգում եմ:

- Ի՞նչ է երաժշտությունը Ձեզ համար:

- Ամեն վայրկյան մենք երաժշտություն ենք լսում, ամեն ինչ մեր շուրջը երաժշտություն է` նույնիսկ լռությունը: Երաժշտության մեջ լռության նշանը` դադարը, երաժշտություն է: Քաղաքի աղմուկն էլ կարելի է երաժշտական պատկերով ներկայացնել, հիմա լսո՞ւմ ես (մի պահ լռում ենք. լսվում է փողոցի աղմուկը.- հեղ.): Իսկ գիտե՞ս, որ քաղաքի այլ հատվածում այս ձայնը չես լսի…

- Շատ շատերն են Ձեզ լսում, իսկ Դուք ո՞ւմ կատարումներն եք նախընտրում լսել թե ժամանակակիցներից, թե Ձեր սերնդակիցներից:

- Աշխատանքի բերումով լսում եմ բոլոր ստեղծագործությունները, որոնք ձայնագրվում են ռադիոյի ստուդիայում: Ինձ համար գոյություն ունեն բոլոր ժամանակների երգիչներն ու երգչուհիները: Եթե դասական ժանր է, ապա, բնականաբար, առաջինը ես պետք է նշեմ Գոհար Գասպարյան երեւույթի անունը. ես նրան երգչուհի չեմ ասում, երեւույթ եմ ասում: Եթե ժողովրդական երգարվեստի մասին է խոսքը, ապա՝ Օֆելյա Համբարձումյան, Հովհաննես Բադալյան, իսկ եթե պատմականորեն նայենք, ապա հայ երգարվեստում կարեւորվեցին Կոմիտասն ու նրա սանը՝ Արմենակ Շահմուրադյանը: Չմոռանանք գուսաններին. գուսանական արվեստը հայ երգարվեստում դասական շերտն է, ասեմ, որ կատարելություն են նրանց ստեղծագործությունները. նրանք կատարելապես տիրապետում են չորս մասնագիտությունների՝ կոմպոզիտոր են, բանաստեղծ, երաժիշտ կատարող եւ երգիչ:

- Երիտասարդ կատարողին, երբ սխալներ եք նկատում, փորձո՞ւմ եք ուղղորդել:

- Շատ ցանկացա օգտակար լինել, բայց պարզվեց` արվեստագետ հռչակվելու մոլուցքն ավելի կարեւոր է, քան ճիշտ ճանապարհով գնալը: Պրոֆեսիոնալ մոտեցում չկա. ինչպե՞ս կարող է կատարողը հրաշք կատարում մատուցել, եթե չի կարողանում երաժշտական բնագիրն ընթերցել (նոտաները): Ոչ ոք  մյուսի կատարած երգն իրավունք չունի սխալ ներկայացնել: Նորովի մատուցելը, նոր միտք դնելն ուրիշ խնդիր է, բայց երաժշտությունը սուտ ու սխալ կատարելը լրիվ այլ բան է:

- Դուք երբ Ձեր առաջին քայլերն էիք անում երգարվեստում, ի տարբերություն այսօրվա կատարողների, ընդունո՞ւմ էիք խորհուրդներ:

- Իմ ժամանակներում այսպես չի եղել, որ ով ցանկանար` զանգով եւ ծանոթով հայտնվեր բեմում: Ես ինքս հայր չեմ ունեցել, ոչ էլ այնպիսի բարեկամ, որ բարեխոսեին։ Ո´չ: Գնահատվում էին շնորհքը, տաղանդը, եթե դրանք կային։ Կրթությունն ու պրոֆեսիոնալիզմը: Ոչ ոք չէր կարող հենց այնպես երեւալ էկրանին, էկրանը լավագույն երգչին, լավագույն կատարումը, լավագույն ներկայացումը, լավագույն բանաստեղծին պրոպագանդելու համար էր: Ունենք անմոռաց անուններ, որոնք հենց այնպես չեն ստեղծվել: Քրտնաջան աշխատանքով են հասել դրան:

03

- Մեզ մոտ կա՞ն երաժշտական ճյուղեր, որոնք ներկայացնողներն ունեն Ձեր նշած այս հատկանիշները եւ հնարավորություն ունեն թողնելու այնպիսի արժեք, ինչպիսին ստեղծեց ու թողեց Ձեր սերունդը:

- Բոլոր ճյուղերն էլ կան, մնում է այդ ճյուղերում տեր եղող մեկը, որը ներկայացնի ոչ թե իմ ճաշակը, իմ հաճույքը, այլ գիտակցի ժանրի անհրաժեշտության կարեւորությունը: Օրինակ, թե ինչպիսին պետք է լինի ժողովրդական երգը. հայ ժողովրդի երգի մասին է խոսքը, ժողովուրդ, որ կերտել է հանրապետություն եւ աշխարհին ներկայանում է իբրեւ պետություն: Այդ ժողովրդի երաժշտությունը պետք  է պրոպագանդվի: Մեր արվեստը միշտ ապշեցրել է, այն ամենը, ինչ մենք կերտել եւ աշխարհին ենք տվել, իբրեւ համաշխարհային մշակույթի կարեւորագույն գանձեր, այդ «մշակույթ» հասկացության մեջ իր կարեւոր տեղն ունի նաեւ ժողովրդական երգը: Մենք այսօր աշխարհին կարող ենք զարմացնել նաեւ մեր Երեւանի ճարտարապետությամբ, որն այնքան ինքնատիպ է. որեւէ տեղ նման քաղաք չկա: Շենքեր կան, իհարկե, բայց մեր կերտած շենքերը բացարձակ արժեք են ոչ միայն մեզ, այլեւ համաշխարհային ճարտարապետության համար։ Այնտեղ ազգային ոգին է՝ դարերից եկող եւ դարերում մշակված: Մենք պարտավոր ենք դրանք պահել վեհ, ոչ թե կողքից այնքան շենքեր կառուցել, մինչեւ դրանք նսեմանան, փոքրանան եւ ոչնչանան: Թամանյանի ստեղծած քաղաքն իսկապես արեւոտ քաղաք է:

- Այստեղ չեմ կարող Ձեզ մի հարց չուղղել. այդ արեւոտ քաղաքն այսօր քանդում են, ի՞նչ եք զգում, երբ տեսնում եք:

- Սրտի ցավ եմ զգում, երբ տեսնում եմ մեծ պաստառ, որի վրա գրված է` «Պահպանելով հինը, կառուցենք նորը», իսկ մեկ ամիս անց տեսնում եմ, որ այդ «հինն» ընդհանրապես գոյություն չունի, հիմնահատակ քանդված է։ Չեմ կարող դա մեկնաբանել, երեւի հեղինակներն ավելի ճիշտ կմեկնաբանեն: Եթե տերը ես լինեի, երբեք նման բան թույլ չէի տա: Մեր ազգը ռուսներից մի բան է սովորել` քանդել, հետո սարքել. ինչո՞ւ, եթե կարելի  է պահել-պահպանել եւ հպարտանալ: Աշխարհի լավագույն թանգարաններում եմ եղել, Երեւանում չկա  մի բան, որ վկայի, որ մենք հազարամյակներ ապրում ենք այս քաղաքում: Գնացեք Լոնդոն` Բրիտանական թանգարան, հելլենական դարաշրջանը ներկայացնում են միայն Հայաստանն ու Ասորեստանը: Եվ հպարտություն ես զգում, եւ միաժամանակ կաթվածահար լինում, երբ տեսնում ես, որ Կարմիր բլուրում պեղված ամբողջ արձաններն այնտեղ են դրված: Կարմիր բլուրում այսօր մնացել  է միայն տեղանքը` այն էլ որպես գերեզմանատուն, ցավոք, այդպես ենք մենք «պահպանում»: Ես այնտեղ հպարտություն զգացի, որ մեր դարավոր մշակույթը խնամքով ի ցույց է դրված աշխարհի լավագույն թանգարաններից մեկում, իսկ մենք քանդել-սարքելով ենք զբաղված:

- Երգել եք աշխարհի լավագույն բեմերում, ո՞ր բեմն է Ձեզ համար անկրկնելի:

- Հայաստանյան բեմի մասին, իհարկե, խոսք չկա… Բայց ամեն տեղ էլ ջերմություն զգացել եմ, նույնիսկ օտարն այնպես է ծափահարել, որ ինձ թվացել է, թե հայ հանդիսատեսի համար եմ երգում, այնինչ հանդիսատեսի շարքերում մեկ կամ երկու հայ է եղել: Կարեւորում եմ Երեւանի ռադիոյի ստուդիայում կենդանի ելույթներս, երբ ինձ միլիոնավոր հայեր էին լսում, այդ թվում՝ դրսից. իմ ձայնը նրանց համար Հայաստանից հնչող ձայն էր: Չնայած երբեք չեմ ուզեցել դրսում ապրել, բայց, հետաքրքրությունից ելնելով, մի անգամ ընկերներիցս մեկին ասացի. «Ինչ է, միայն դո՞ւք պետք  է լավ ապրեք, ես էլ եմ ուզում դրսում ապրել»։ Պատասխանեց. «Լավ իմացիր եւ հպարտացիր, Ռուբեն Մաթեւոսյանը մեզ հարկավոր  է Երեւանից, ոչ թե մեր կողքից»:

- Պարոն Մաթեւոսյան, նախկինում երաժշտության բնագավառը, կարծես թե, կանոնակարգված էր, կային հստակ քաղաքականություն եւ ծրագիր, այսօր քաոս է տիրում: Ե՞րբ սկսվեց այդ քաոսը:

- Ամենաթողություն է, քաոս չէ: Ես ժամանակագրության ճշտմամբ չեմ զբաղվում, դա չէ իմ գործը: Իմ գործն է երգել եւ պահանջել: Ով կհասկանա, որ այդ պահանջը կատարելը նաեւ հայրենասերի գիտակցություն է, այն էլ՝ լուրջ գիտակցություն, թող հասկանա, իսկ ով չէ, ասեմ` դու չե՞ս հասկանում, չէ՞ որ այդպես կվիրավորեմ իմ հանդիսատեսին: Ի դեպ, ես իմ ընտանիքի անդամներին էլ հանդիսատես եմ համարում, երբ ես բեմում եմ։ Իսկ երբ տանն եմ, ամուսին եմ, հայր, պապիկ, ընկեր, բայց բեմում իմ հանդիսատեսն են, այդպիսի հանդիսատես կարող է լինել մեկը, որն այդքան էլ չի կարեւորում ազգային երգի անհրաժեշտությունը: Ո՞նց վիրավորեմ նրան, չեմ վիրավորի. չէ՞ որ նա ինչ-որ մի տեղ իմ հանդիսատեսն է:

- Իսկ պատահո՞ւմ է, որ տանը Ձեզ խնդրեն երգել:

- Չէ, մեր տանը կարոտ են իմ երգին, եթե ուզում են ինձ լսել, գալիս են համերգիս (ծիծաղում է.- հեղ.):

- Այսինքն` մերժում եք, երբ խնդրում են երգել:

- Գիտեն, որ չեմ երգի: Ոչ մի երգ տանը չեմ սովորել, որ գնամ աշխատանքի. դրա համար կա աշխատավայր, եթե ես ընթերցել եմ` մտքում եմ ընթերցել, ձայնով երբեք չեմ երգել:

- Պապիկները սովորաբար երգում են թոռնիկների համար, նրանց համա՞ր էլ բացառություն չեք անում:

- Թոռնիկս` Ռուբենը, իմ երգերը գիտի, ասում է. «Պապիկ, ուզո՞ւմ ես անակնկալ մատուցեմ», ապա բացում է Յութուբի էջը եւ ասում` նայիր, դու ես երգում: Ռուբենս յոթ տարեկան է, ինձ ասում է. «Պապիկ, ես հասկացա, որ դու շատ լուրջ երգիչ ես» (ծիծաղում է.- հեղ.), ասացի`շատ երջանիկ եմ, որ դու դա հասկացել ես, կաշխատեմ լուրջ լինել: Շա՜տ երաժշտական երեխա է։

- Հնարավո՞ր է, որ շարունակի Ձեր գործը:

- Գուցե. իր հայրն էլ շատ լավ ձայն ունի, բայց չցանկացավ երգիչ լինել, որովհետեւ դաժան կյանք է երգչի կյանքը:

- Եվ Ձեր կյա՞նքն էլ դաժան է եղել:

- Իմ կյանքը հրաշալի կյանք է եղել, բայց չեմ կարծում, թե այսօրվա երգչի կյանքը հեշտ է:

2

- Երիտասարդ տարիների Ձեր ընկերներից, որոնց ճանաչում է նաեւ հանրությունը, ո՞ւմ հետ եք այժմ մտերիմ, հետաքրքիր հուշեր կա՞ն:

- Ռաիսա Մկրտչյանը, որի հետ մենք ընտանիքներով մտերիմ ենք ութ տարեկանից մինչ օրս, բայց դպրոցական տարիներին ոչ իրենից եւ ոչ էլ ինձանից «երգչի հոտ» չէր գալիս (ծիծաղում է.- հեղ.): Բոլորս շատ ակտիվ երգում էինք, չնայած այսօր Ռաիսան շատ լուրջ երաժիշտ է, բայց այն ժամանակ իմ մտքով չէր անցնի, որ կարող է երգչուհի դառնալ։ Ընդունվեց կոնսերվատորիա՝ որպես դաշնակահար: 55 տարի է՝ ընկերություն եմ անում Օֆելյա Համբարձումյանի հետ: Իհարկե, տարիքային տարբերություն կար, բայց ինձ նայել են որպես հավասարի, խոստումնալից երգչի, որը միշտ պետք է առաջ գնա:

Եզրափակելով` ուզում եմ ասեք. ի՞նչ եք մաղթում մեր ազգին, մեր հայրենիքին:

- Ուժ, սեր ու կորով, ուզում եմ վերջապես հասկանանք Չարենցի պատգամի իմաստը, այն, որ մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է: Այդ հավաքական ուժը թող լինի գաղափարի շուրջ: Եվ մի բան էլ` թող մեր սահմաններն անխախտ լինեն:

Զրուցեց Շողիկ ԳԱԼՍՏՅԱՆԸ

122488199673267500288781848048447njpg
scroll to top