Ուրբաթ , 19 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    10°
    Home » Լուրեր » Պարարվեստի առաջընթացն այս տարվա առաջնահերթություններից է. Ա. Ամիրյան

    Պարարվեստի առաջընթացն այս տարվա առաջնահերթություններից է. Ա. Ամիրյան

    Պարարվեստի առաջընթացն այս տարվա առաջնահերթություններից է. Ա. Ամիրյան
    Հունվար 19, 2018 15:13 Լուրեր, Մշակույթ A+ / A-

    Հայաստանում պարարվեստի առաջընթացը ՀՀ մշակույթի նախարարության 2018 թվականի առաջնահերթություններից է: Նախարար Արմեն Ամիրյանը Լոս Անջելեսում հայկական պարային խմբերի ղեկավարների հետ վերջերս հանդիպելուց և համագործակցության շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո հունվարի 18-ին հանդիպել է Հայաստանի պարարվեստի ներկայացուցիչների հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարն ընդգծել է, որ Խոր Վիրապում կայանալիք «Քոչարի» փառատոնը պետք է կազմակերպել այնպես, որ երկու տարի անց այն այլևս չունենա պետության օժանդակության կարիքը և շարունակի գոյատևել ինքնուրույն: «Մեզ համար չափազանց կարևոր է փառատոնի «բազմապատկող էֆեկտը», այն պետք է նպաստի հայկական պարի հանրահռչակմանը, նաև սոցիալական խնդիր լուծի: Այս տրամաբանությամբ ստեղծվող փառատոնին նախարարությունը պատրաստ է աջակցել»,-շեշտել է Ամիրյանը: Նախարարությունը ցանկանում է սատարել նաև ոլորտի մասնագետների վերապատրաստմանը՝ հայտնի մասնագետների հրավիրելով, ինչպես նաև արտերկիր գործուղելով հայաստանցի մասնագետներին: Երևանի պարարվեստի ուսումնարանի երեք մասնագետ առաջիկայում կվերապատրաստվեն ռուսաստանցի բալետմայստեր Բորիս Էյֆմանի արվեստանոցում: Ոլորտում առկա այլ խնդիրների շուրջ ևս քննարկումներ են եղել։ Մարզական պարերը Հայաստանում անկում են ապրում: Միջազգային փորձի պակաս կա: Ոլորտի ներկայացուցիչներն արձանագրեցին, որ վերապատրաստման լուրջ խնդիր կա նաև այս բնագավառում: Նախարարն առաջարկեց Հայաստանում մարզական պարերի փառատոն անցկացնելու ծրագիր ներկայացնել: Հանդիպմանը քննարկվել է նաև պարարվեստին նվիրված գրականության սղության խնդիրը: Այս հարցում էլ կառուցողական համաձայնություն է ձեռք բերվել. նախարարությունը կօժանդակի ներկայացված երեք աշխատության և մասնագիտական մեկ կայքէջի ստեղծմանը: Քննարկված ամենացավոտ խնդիրը, թերևս, բալետի պարողների՝ կենսաթոշակի անցնելու տարիքն ու օրենքը, որպեսզի ոչ միայն բալետի պարողների սոցիալական խնդիրները, այլև անհրաժեշտ սերնդափոխության հարցերը լուծվեն»: Հայկական բալետի ներկայացուցչի հարցադրմանն ի պատասխան, նախարարը նախ հիշեցրել է, որ տվյալ խնդիրը կարգավորվում է միանգամայն այլ օրենքով: Ինչ վերաբերում է Թատրոնի մասին օրենքին, ապա նախարարության՝ բազմիցս հնչեցրած, ինչպես նաև գրավոր ներկայացրած հարցադրումներին ի պատասխան, թատերական որևէ կոլեկտիվ այդպես էլ հիմնավոր որևէ առաջարկ կամ ձևակերպում չի ներկայացրել, թե ինչու է անհրաժեշտ Թատրոնի մասին օրենքի ընդունումը: Քննարկված ծրագրերն առավել հստակ ներկայացնելու նպատակով առաջիկայում ևս կկազմակերպվեն նման հանդիպումներ:

    Նման թեմաներ

    scroll to top