Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունն ավարտվեց: Արարողությանը ելույթ ունեցան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Լիբանանի նախագահը, այլ հյուրեր:
Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:
Այսօրվա նիստի ընթացքում ՖՄԿ նախագահության լիազորությունները Մադագասկարից կփոխանցվեն Հայաստանին: Կհիմնվի համաժողովի բյուրոն: Մասնակիցները կհաստատեն օրակարգի նախագիծն ու կծրագրեն աշխատանքները: Նախատեսվում է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում:
Նիստի պաշտոնական բացման արարողությունից հետո մասնակիցներին կտրվի պաշտոնական ճաշ:
Գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է՝ «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլելու Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։
Գագաթնաժողովը շարունակվելու է նաև հոկտեմբերի 12-ին: