Գլխավոր Լուրեր Պաշտպանության բանակը երաշխավորն է Արցախում մեր ազգային իղձերի իրականացման

Պաշտպանության բանակը երաշխավորն է Արցախում մեր ազգային իղձերի իրականացման

6
0

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով:

«Մայիսի 9-ի խորհուրդը աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար նվիրական է։ Այսօր մենք տոնում ենք Երկրորդ աշխարհամարտում և Արցախին պարտադրված պատերազմում մեր հերոս հայրերի ու նրանց քաջարի որդիների սխրագործությունների հաղթանակը։ Հպարտ և երախտագետ հոգով մեր խոնարհումն ենք բերում ռազմի դաշտում հանուն խաղաղության հերոսացածների հիշատակին, նաև հաղթանակի համար իրենց ջանքերը ներդրած նվիրյալներին:

Երկրորդ աշխարհամարտից շուրջ կես դար հետո մենք կրկին հարկադրված եղանք պաշտպանելու մեր ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի իրավունքը՝ միայնակ դիմակայելով Արցախում մեր գոյությանը սպառնացող հակառակորդին։

Արցախյան ազատամարտը, Շուշիի ազատագրումը հաջորդ սերունդներին փոխանցելու է մեր ազգի արիության, արժանապատվության և սեփական ուժերին ապավինելու պատմությունը,  հանուն խաղաղության հեղված արյան արժևորման բարձր գիտակցությունը։

Շուշիի ազատագրման հաղթական օրը հռչակվեց նաև տոն պաշտպանության բանակի հիմնադրման, որը իր հայրենասեր և խիզախ զորահրամանատարներով, սպաներով ու զինվորներով երաշխավորն է Արցախ աշխարհում մեր ազգային իղձերի ու երազների իրականացման։

Ի խորոց սրտի մեր աղոթքն է, որ Բարձրյալն Աստված Իր Ամենազոր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ անվտանգ պահի Հայաստանն ու Արցախը, զորացնի և օգնական լինի հայրենյաց պաշտպաններին, և երկնառաք օրհնությամբ բարգավաճի հայրենի մեր երկիրը և համայն ժողովուրդը համերաշխ, երջանիկ ու բարօր կյանքով»,-ասված է Կաթողիկոսի ուղերձում։