Գլխավոր Բլոգ Պատրաստ եմ քարկոծվել. Ավագանու անդամը՝ Ամուլսարի մասին

Պատրաստ եմ քարկոծվել. Ավագանու անդամը՝ Ամուլսարի մասին

4
0

Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հանքը շահագործել-չշահագործելու հարցը պիտի հանգի պարզ հաշվարկների ու թվային արդյունքի:
Հաշվարկները մոտավոր սրանք են.
1. Գնահատել պետության համար հանքից սպասվելիք եկամուտը (հարկեր, տուրքեր, այլ վճարներ), ավելացնել աշխատատեղերով պայմանավորված ֆինանսական էֆեկտը, այլ հարակից ծառայություններից ստացվող բյուջետային լրացուցիչ մուտքերը և այլ դրական արդյունքները (ԴՐԱԿԱՆ արժեք):
2. Գնահատել շահագործման հետևանքով շրջակա միջավայրին հասցվող հնարավոր ռիսկերը, դրամական արտահայտությամբ վնասի արժեքը, գնահատել հասցված վնասի վերականգնման հնարավորությունները և արժեքը (ԲԱՑԱՍԱԿԱՆ արժեք):
3. Գնահատել Չ´շահագործման հետևանքները, այդ թվում` հնարավոր արբիտրաժային վեճում պարտվելու հավանականությունը և արժեքը, դրա հետևանքով երկրի ռեպուտացիոն ռիսկը և նոր դիրքը տարբեր վարկանիշներում, դրանց թվային արժեքը, պետության չստացվող եկամտի չափը, չբացվող աշխատատեղերի դրամական արժեքները և այլն: (ԲԱՑԱՍԱԿԱՆ արժեք):
Վերոնշյալ արժեքների համադրության արդյունքն էլ պիտի ցույց տա շահագործման նպատակահարմարությունը: Սա է, որ կառավարությունը, կարծում եմ, հաշվում է և այս տրամաբանությամբ էլ առաջնորդվում է: Էական դրական արժեք ստանալու դեպքում` ՊԵՏՔ է շահագործել, չնչին բացասականի դեպքում` ՈՉ:
Ի դեպ, արբիտրաժում ՀՀ-ի պարտությունը կարող է առաջացնել $1 և ավելի մլրդ-ի պարտավորություն, իսկ ՀՀ-ի տարեկան բյուջեն հազիվ $3 մլրդ է: Հետևությունները թող անեն մասնագետները և, ի վերջո, կառավարությունը:
Մնացած ոչ մասնագիտական հնչող գնահատականները լուրջ չեն և հուզական են, իսկ դրանցով առաջնորդվելը պոպուլիզմ է և որոշ դեպքերում` երկիրը մինչև դեֆոլտի դուռը հասցնելու ճանապարհ:
Կներեք չորությանս համար. ես տնտեսագետ եմ ու թվերի մարդ եմ:
Պատրաստ եմ քարկոծվել…»