Գլխավոր Լուրեր ՊԲ հրամանատարը շնորհավորել է Եռատոնի կապակցությամբ

ՊԲ հրամանատարը շնորհավորել է Եռատոնի կապակցությամբ

5
0

ԱՀ ՊՆ,ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Եռատոնի կապակցությամբ։ Ինչպես  տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ուղերձում ասված է.

«Հայրենական մեծ պատերազմի հարգարժան վետերաններ, Շուշիի թանկագին ազատարարներ, ՊԲ-ի ստեղծման ակունքներում կանգնած պատվարժան ազատամարտիկներ, սիրելի զինակիցներ:

Այսօր կրկին Եռատոն է: Անչափ խորհրդանշական մի տարեթիվ, որը հասցրել է ընդմիշտ ամրագրվել մեր ժողովրդի հաղթական տոնացույցի հերոսական էջերում՝ դառնալով հասարակության յուրաքանչյուր անդամի հոգին բերկրանքով լցնող տոներից մեկը:

Նվիրական է Եռատոնի առանցքում ընկած խորհուրդներից յուրաքանչյուրը:

Չկա աշխարհում որևէ հայ, ով հպարտությամբ ու ակնածանքով չհիշի Հայրենական մեծ պատերազմի բախտորոշ ճակատամարտերում հայ ժողովրդի քաջարի մարտիկների և փառապանծ հրամանատարների սխրանքները, Շուշիի՝ անիրական թվացող ազատագրման հերոսական դրվագները և, որ շատ կարևոր է, չապրել այն անանց զգացումը, որ ունենք տարածաշրջանում հզորագույն ռազմավարական գործոնի համբավ ունեցող Պաշտպանության Բանակ: Բանակ, որը ոչ միայն կրողն ու իրավատերն է հերոս նախնիների կերտած լավագույն մարտական ավանդույթների, այլև կոչում և առաքելություն ունի այսուհետ ևս աննահանջ կանգնելու մեր պետականության հարատև ընթացքն ապահովելու առաջնադիրքերում:

Հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած և անհայտ կորած մարտիկների հարգարժան հարազատներ, այս տոնը առաջին հերթին ձերն է և, որպես Արցախի զինված ուժերի հրամանատար, ուզում եմ վստահեցնել, որ ձեր որդիների,եղբայրների և քույրերի թափած արյունը երբեք արժեզրկվելու վտանգի առաջ չի կանգնի և կարվի հնարավոր ամեն ինչ, նրանց նվաճած իրական ու հոգևոր բարձունքներից երբևէ նահանջ չկատարելու համար:

Սա մեր համազգային գերնպատակն է, որն իրագործելու համար Պաշտպանության Բանակը վայրկյան անգամ չի տատանվելու և անմնացորդ նվիրումով գործելու է իրեն պատվիրակված առաքելության շրջանակներում՝ այսուհետ ևս անխախտ պահելով Արցախի Հանրապետության սահմաններն ու մեր ժողովրդի խաղաղ և ստեղծագործ կյանքի հնարավորությունը:

Շնորհավոր բոլորիս Եռատոնը»: