Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.66   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 567.24   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.02   
  •  GBP   Առք` 630.00   Վաճառք` 648.00   ՀՀ ԿԲ` 640.22   
  •  RUB   Առք` 8.15   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.15   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.31   
outputra5huxgif
Rain And Snow
Home » Լուրեր » Պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի 20-ամյա վերելքի ուղին շարունակական է

Պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի 20-ամյա վերելքի ուղին շարունակական է

Նոյեմբեր 15, 2017 12:08 Լուրեր, Մշակույթ A+ / A-

15128988_545115029007894_8064462436085314407_o

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանի  հարցազրույցը:

Տիկի՛ն Ավդալյան, ինչո՞վ է նշանավորվում այս տարին Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի  համար:

Այս տարի լրանում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակը: Այն հեռավոր տարիներին հետաղետալի Գյումրին կանգնած էր հոգեւոր ճգնաժամի եւ անհուսության առջեւ, երբ համատարած ընդարմացման եւ նիրհի մեջ, որպես հուսո փարոս, մաեստրո Լորիս Ճգնավորյանի շնորհիվ ծնվեց արվեստների կենտրոն ստեղծելու գաղափարը, եւ 1991 թվականին սկիզբ առավ մի աննախադեպ ուխտագնացություն: Այն Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ նրա նախագահ տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանի աջակցությամբ, որպես նյութական կերտվածք, ավարտին հասավ 1997-ին: Նույն տարվա հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Գյումրու Արվեստների ակադեմիայի հանդիսավոր բացումը, այս գործում անուրանալի է ԵՊԿ ռեկտոր Արմեն Սմբատյանի, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանի, ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի մշակույթի բաժնի վարիչ Հասմիկ Կիրակոսյանի, ԵՊԿ պրոռեկտոր Ստեփան Սուքիասյանի եւ շատ այլ երախտավորների  գործունեության կարեւորությունը:

Շքեղ շենքային պայմանների ապահովումից բացի, որո՞նք էին հաջողության տանող ուղիների գրավականները։

Շենքային պայմանների ստեղծումից հետո առավել կարեւոր էր նրանում լիարժեք ուսումնական գործընթաց կազմակերպելու խնդիրը, որտեղ մեծ գնահատանքի է արժանի ԵՊԿ ԳՄ-ի առաջին ղեկավարի՝ Ստյոպա Խաչատրյանի, Կառլեն Համբարձումյանի դերակատարումը: Նրանց շնորհիվ արվեստների մայրաքաղաք Գյումրիում իր ուսումնական գործընթացը սկսեց մի ուսումնական հաստատություն, որն անցած 20 տարիների ընթացքում ունեցել է նշանակալի հաջողություններ: Մեծ հպարտությամբ ուզում եմ նշել հատկապես 2003 թվականից սկսած մեր ունեցած ձեռքբերումները: Բուհի կայացման եւ անընդհատ աճող հեղինակության բարձրացման մեջ մեծ էր հայ դասական երաժշտության երախտավորներ, դարի խորհրդանիշ հանդիսացող կենդանի լեգենդներ Էդուարդ Միրզոյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի ներդրումը: 2005 թ. սկիզբ առավ «Մշակույթների երկխոսություն» հանրապետական, այնուհետեւ` 2008 թ.-ից միջազգային գիտաժողովը: 2007 թ.-ից հիմնադրվեց «Վերածնունդ» հանրապետական մրցույթ-փառատոնը, որը 2009 թ.-ից ստացավ միջազգային կարգավիճակ: 2006 թ.-ից լույս տեսավ արվեստի տարբեր ճյուղերին անդրադարձող եւ այդ տարիներին նման ձեւաչափ ունեցող միակ ամսագիրը՝ «Արվեստ եւ ժամանակ, հայացք Գյումրիից» հանդեսը, որը Գյումրու արվեստագետների արտահայտման մի նոր հարթակ էր: 2004-2005 թթ. ուսումնական տարվանից սկսեց գործել «Իմպրոռիթմ» բազային ուսումնական հաստատությունը, որը մինչ օրս կադրեր է ապահովում ոչ միայն կոնսերվատորիայի, այլեւ արվեստի մյուս ճյուղերի համար:

OLYMPUS DIGITAL CAMERA

Տիկի՛ն Ավդալյան, բուհի գործունեությունը միջազգային մակարդակում ի՞նչ հիմքերի վրա է դրված։

Հպարտ եմ, որ կատարված աշխատանքը այսօր տալիս է իր պտուղները: Դա առաջն հերթին բուհի վարկանիշի բարձրացումն է, միջազգային գործունեության ընդլայնումն ու գործընկերների ձեռքբերումն է, որոնց հետ կնքված համագործակցության պայմանագրերը նոր հեռանկարներ են նախանշում գիտամանկավարժական ու կատարողական գործունեության ոլորտներում: Մեր բազմաթիվ գործընկերների շարքում նշենք Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիան, Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան, Կազանի պետական կոնսերվատորիան, Ռոստովի Ս. Ռախմանինովի  անվան պետական կոնսերվատորիան, Մոլդովայի երաժշտական ակադեմիան, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիան, Քութաիսի երաժշտական քոլեջը, Վիեննայի երաժշտական ակադեմիան, Սլովենիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների երաժշտական հաստատությունները: Այդ համագործակցության շնորհիվ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողներն ու բուհի ուսանողները հնարավորություն են ստացել մասնակցելու ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում անցկացվող համերգներին եւ վարպետության դասերին:

Բուհն այսօր էլ ապրում է ակտիվ ուսանողական կյանքով, որի մաս են կազմում ուսանողական բանահավաքչական գիտարշավները, վարպետության դասերը, համերգները: Այս հոբելյանական տարվանից սկիզբ է առնելու եւս մեկ նախագիծ՝ ուսանողական միջազգային գիտաժողովը: Վերը նշվածի շնորհիվ սովորողի առօրյան դառնում է առավել հագեցած, բովանդակալից եւ նպատակամետ:

Ի՞նչ եք մաղթում հարազատ բուհին եւ աշխատակազմին։

Շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի բուհի՝ պետական կոնսերվատորայի Գյումրու մասնաճյուղի 20-ամյա հոբելյանի առթիվ եւ մաղթում արթուն ստեղծագործ միտք, եռանդ, հայրենանվեր ոգեւորություն եւ անսպառ խանդավառություն: Թող յուրաքանչյուր հաջորդող տարի լինի առավել բովանդակալից եւ հաստատուն քայլերով՝ ի փառս կատարյալ արվեստի հաղթանակի:

Նման թեմաներ

scroll to top