Գլխավոր Լուրեր Պետք է բազմապատկել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը․ Յագլանդի նամակը Փաշինյանին

Պետք է բազմապատկել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը․ Յագլանդի նամակը Փաշինյանին

0
0

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ընդգծելով, որ Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու ՀՀ վարչապետի հանձնառությունը:

«Արմենպրես»-ը ներկայացրել է Յագլանդի նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը։
«Հարգելի պարոն վարչապետ,

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ եւ Ձեր կառավարությանն այն ջերմ ընդունելության համար, որ ցուցաբերվեց Եվրոպայի խորհրդի պատվիրակության անդամներին, ովքեր այցելեցին Հայաստան մայիսի 30-ին եւ 31-ին, ինչպես նաեւ նրանց հետ ունեցած կառուցողական քննարկումների համար:

Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու Ձեր հանձնառությունը: Մենք նաեւ կիսում ենք Ձեր գնահատականն առ այն, որ պետք է բազմապատկել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը եւ բարեփոխել ու վերակառուցել դատական համակարգը՝ Հայաստանի Սահմանադրությանը եւ Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան:

Արագ եւ վճռականորեն իրականացված համապարփակ եւ հեռանկարային դատական բարեփոխումների ռազմավարությունը պատշաճ կերպով իրականություն կդարձնի Ձեր կառավարության օրինական նպատակները: Այդ ռազմավարությունը կարող է կառուցվել երեք հենասյուների վրա` կոռուպցիայի դեմ ուղղված եռանդուն ջանքեր, դատական համակարգի անկախության եւ արդյունավետության բարձրացում եւ մարդու իրավունքների խախտումների շտկում: Այն կարող է առաջնորդվել Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների եւ մոնիթորինգի մեխանիզմների, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Վենետիկի հանձնաժողովի եւ GRECO- ի եզրակացություններով: Նման ռազմավարությունը կապահովի վստահություն բարեփոխումների նկատմամբ, դրանց կանխատեսելիությունը եւ միջազգային աջակցության շարունակականությունը:

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է ակտիվորեն մասնակցել այդ բարեփոխումների իրականացմանը Գործողությունների այն ծրագրի շրջանակներում, որի մեկնարկը մի քանի օրից կտրվի Երեւանում գլխավոր քարտուղարի տեղակալի մասնակցությամբ:

Շարունակական համագործակցության ակնկալիքով,

Անկեղծորեն Ձեր,

Թորբյորն Յագլանդ»: