Գլխավոր Լուրեր Պետրոս I-ի քաղաքական կտակում կար այսպիսի միտք՝ հայերին պետք է ոչնչացնել մահմեդականների...

Պետրոս I-ի քաղաքական կտակում կար այսպիսի միտք՝ հայերին պետք է ոչնչացնել մահմեդականների միջոցով

79
0

ishxanyan

Հատված̀ներ՝ Ռաֆայել Իշխանյանի՝  1989 թվականին հրապարակված «Երրորդ ուժի բացառման օրենքը» «Որն է մեր ճանապարհը» էսսեից.

Ասում են Ստեփան Զորյանի վերջին խոսքը մահվանից առաջ եղել է իր ժողովրդին նրա տված գնահատականը «պրիմիտիվ ազգ»։…

Մեր պատմության վերջին շրջանում մեր շատ գրողներ, բանաստեղծներ մեզ՝ հայերիս Թուրքիայի տված ահավոր վնասները ներկայացնելով, թուրքերին հայհոյելով փառաբանում էին ռուսներին։ …

… Զ․ Բալայանը, որ հայերեն չի գրում (նրա հայերեն տպված բռլոր գրքերը թարգմանություն են ռուսերենից), ամեն առիթով բացականչում է՝ «Մահ թուրքերին»։ Նրա «Օջախ» կոչվող գիրքը նվիրված է ռուսներին հաճոյանալուն, նրանց պանիսլամիզմով վախեցնելուն և թուրքերին ու ադրբեջանցիներին հայհոյելուն․ «ճակատագիրը մեզ պարգևել է մեր հյուսիսային հարևանին՝ ռուս մեծ ժողովրդին։ Ճակատագիրը մեզ ժպտացել է նաև նրանով, որ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շնորհիվ փրկվեց Արևելյան Հայաստանը․․․ Երկու ժողովուրդներն էլ (ռուսներն ու հայերը ― Ռ. Ի.) ունեցել են մեկ ընդհանուր թշնամի։ Թշնամի, որն իր հանգիստն է կորցրել Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միանալու պահից» և այլն։…

… Բայց, իհարկե, ամենաբնորոշը Իսրայել Օրին է (1659 —1711)։ Գերմանիայում նա համոզում էր մի փոքրիկ իշխանության (Պֆալցի) տիրակալին իր զորքով գալ Հայաստան, պատերազմել Պարսկաստանի, նաև Թուրքիայի դեմ, Հայաստանն ազատագրել ու վերականգնել հայոց թագավորությունը։ Ուրեմն, Հռենոսի ափից գերմանացի իշխանը իր փոքրաթիվ զորքով (ջոկատով) պիտի անցներ Եվրոպայի կեսը, Ռուսաստանը, Կովկասը, հասներ պարսից սահմանը, կռվեր Պարսկաստանի դեմ, հաղթեր նրան, Հայաստանի թագավորությունը վերականգներ ու նորից գնար Գերմանիա։ Այսքան ծիծաղելի է եղել երրորդ ուժին ապավինելու սկզբնական շրջանի մեր քաղաքական գործունեության փառաբանված դրվագներից մեկը։ Եվ այսօր կան պատմաբաններ, որ Իսրայել Օրուն մեծ քաղաքական գործիչ են հռչակում։

Այդ Օրին, երբ տեսավ, որ Պֆալցի իշխանից բան չի դուրս գալիս, սկսեց քծնել Ռուսաստանի կայսր Պետրոս Առաջինին։ Այս անգամ էլ Օրին ռուսներին էր կանչում, որ գան Պարսկաստանին ու Թուրքիային ջախջախեն, հայոց թագավորությունը վերականգնեն։ Պարզ է, որ Պետրոսը Իսրայել Օրիի կամ նման մի ուրիշի խոսքով չէ, որ պետք է գործ սկսեր։ Ռուսական պետությունն ուներ իր շահերը, իր նվաճողական ծրագրերը։ Այն ժամանակ Հարավային Կովկասի ու Հայաստանի հերթը դեռ չէր հասել և Օրիի ասածով չէ, որ Ռուսաստանն իր ծրագրերը պետք է փոխեր։ Իսրայել Օրիի ամբողջ գործունեության արդյունքն այն եղավ, որ նա իր երկու զավակներին տարավ Պետերբուրգ, ռուսական կրթության տվեց, և այդպես նրանք ռուսացան։

Զարմանում ես Օրիի և ոչ միայն նրա միամտության վրա, ինչո՞ւ պետք է Ռուսաստանը պատերազմի, արյուն թափի հայոց թագավորությունը վերականգնելու համար։

Կարդացել եմ, որ Պետրոս Առաջինի քաղաքական կտակում կա այսպիսի միտք հայերին պետք է ոչնչացնել մահմեդականների միջոցով։ Արդյո՞ք Իսրայել Օրին չի ներշնչել ռուս կայսրին այս միտքը, հայոց թագավորության վերականգնման մասին խոսելով, պարզ է, որ աշխարհի նվաճումն սկսած Ռուսաստանին բնավ պետք չէր իր ճանապարհին ունենալ ինչ-որ խանգարիչ հայոց թագավորություն։ Նա Արևելքը իր համար էր նվաճում և ոչ թե հայերի կամ մեկ ուրիշի։

Այսպես սկսվեց հայերի ռուսական կողմնորոշումը, ավելի ստույգ՝ հայերի քաղաքական կյանքում Ռուսաստանը իբրև գլխավոր երրորդ ուժ ճանաչելը։ ….

… 18-րդ դարի 70֊ական թվականներին հնդկահայ գործիչները (հատկապես Շահամիրյանները) հայերի ազատագրության համար որպես երրորդ ուժ առաջարկում էին Վրաց թագավորությունը։ Բայց սա ակնթարթային պահ էր։ Երրորդ ուժի մեջ գլխավոր դերը մնաց Ռոլսաստանին։ Անցյալ դարասկզբին Ռուսաստանի հայոց առաջնորդ Հովսեփ Արղությանը Հարավային Կովկաս մտնող ռուսական զորքի առաջապահիկն էր, նույն դերը 1827— 28 թթ, ռուս ֊պարսկական պատերազմի ժամանակ կատարում էր Ներսես Աշտարակեցին։ Այդ ժամանակ էլ սկսեցին հայ կամավորական ջոկատներ կազմակերպել ռուսական բանակի համար և դրանից հետո ամեն անգամ, երբ Ռուսաստանը կռվի մեջ էր մտնում մահմեդական պետությունների դեմ, հայ կամավորական խմբեր էին կազմվում և կցվում ռուսական բանակին։ Ներսեսը սկզբում այնքան միամիտ էր, որ հույս ուներ, թե Ռուսաստանը պետք է վերականգնի հայոց պետականությունը։ Այդ հույսն ունեին շատ հայեր, նաև՝ Խ. Աբովյանը։ Ռուսաստանը Երևանը գրավելուց հետո ձևի համար ստեղծեց Հայկական մարզ, հետո մի երկու տարուց վերացրեց, Ներսեսին աքսորեց։ Տեսնելով, որ Ռուսաստանը հայոց պետականության մասին լսել չի ուզում, Ներսես Աշտարակեցին սկսեց քծնել ռուսներին և դարձավ կաթողիկոս։ Իսկ Երևանը նվաճած Պասկևիչը ռուսաց թագավորին նամակով բացատրում էր, թե ինչպես պետք է խեղճացնել հայերին։

Խ. Աբովյանը օրհնեց «էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ»։

1878 թ, Սան֊Ստեֆանոյի պայմանագրի 16֊րդ հողվածը նախատեսում էր երրորդ ուժի միջամտություն Թուրքիայի գործերին, իբր հանուն հայերի։ Նման մի բան էր Բեռլինի վեհաժողովի սահմանած 61-րդ հոդվածը։ Այդպես սկիզբ առավ Հայկական հարցը, որի էությունը երրորդ ուժի միջամտությունն էր Թուրքիայի գործերին իբր հանուն հայերի և որի վախճանը եղավ Արևմտահայաստանի լիակատար հայազրկումը։

Հայ հեղափոխական կուսակցություններն էլ իրենց հույսը, ապավենը դնում էին երրորդ ուժի՝ Ռուսաստանի և Եվրոպայի վրա։ Անգամ իրենց անունները նրանք ռուսերենից էին ընդօրինակում։ Հնչակը Գերցենի ռուսերեն «Կոլոկոլ» թերթի անվան հայերեն թարգմանությունն է, Հայ հեղափոխական դաշնակցություն անունը ռուսական «Սոյուզ ռուսկիխ ռևոլյուցիոներով» կազմակերպության բառացի թարգմանությունն է։

Այս կուսակցությունների գործունեության գլխավոր նպատակը Թուրքիայում հայկական զինված շարժումներ կազմակերպելն էր հայերի կոտորածներով՝ Եվրոպայի ուշադրությունը դեպի Հայաստան դարձնելու նպատակով։ Այսինքն նրանց խելքն ու միտքը երրորդ ուժի հրավիրումն էր։

Մեզանում երրորդ ուժին ապավինելու մտայնությունը զուգորդվում էր նույնքան տղայամիտ ծրագրերով։ Գրավում են Թուրքիայի բանկը, սպառնում պայթեցնել, ռումբ են պատրաստում, որ Թուրքիայի սուլթանին սպանեն և նման բաներ։ Ամեն կերպ ուզում են երրորդ ուժի ուշադրությունը հրավիրել հայերի վրա։

Իհարկե, կային մարդիկ, ովքեր երրորդ ուժին ապավինելով, Թուրքիայի դեմ գործողություններ կատարելը հայերի համար կործանարար էին համարում։ Օրինակ, Մ. Օրմանյանը, որի միրուքը փետեցին երրորդ ուժի սիրահար հեղափոխականները։ Ավ. Իսահակյանն իր հուշերում գրում է, որ երրորդ ուժին ապավինած հայ հեղափոխական շարժմանը դեմ է եղել նաև Ղ․ Ալիշանը. «Պետք չէ գրգռել թուրքերի մոնղոլական արյունը»։ Բայց սրանք անհատներ էին, որոնց արհամարհում էր ամբոխը որպես թուրքասերների։

Հոդվածն ամբողջությամբ՝  այստեղ