Երեքշաբթի , 25 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    26°
    Home » Լուրեր » Պետությունը պետք է կարողանա հոգալ հիվանդի բուժման ծախսերը. Արման Խարազյան

    Պետությունը պետք է կարողանա հոգալ հիվանդի բուժման ծախսերը. Արման Խարազյան

    Պետությունը պետք է կարողանա հոգալ հիվանդի բուժման ծախսերը. Արման Խարազյան
    Հուլիս 10, 2018 12:35 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Տնտեսության զարգացմանը զուգահեռ պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն նաև առողջապահական համակարգի բարեփոխումների իրականացման համար․ առաց դրա համակարգը չի կարող գրանցել զարգացման անհրաժեշտ դինամիկա»,- այս մասին նշել է հանրային առողջության մասնագետ Արման Խարազյանը:

    Նրա խոսքով՝ այսօր փոխվել են մարդկանց մոտեցումները, պահանջներն ու սպասումները, հետևաբար համակարգում օպտիմալացման նպատակով որքան էլ անգնահատելի համարենք միջազգային դոնոր կազմակերպությունների ցուցաբերած աջակցությունը, որոնց միջոցով իրականացվում են այնպիսի ծրագրեր, ինպիսիք են՝ առողջության առաջնային պահպանման օղակի ամրապնդումը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման ծրագրերը, վակցինացման ծրագրերը, բուժհաստատությունների արդիականացման և վերազինման ծրագրերը, այնուամենայնիվ մեր համաքաղաքացիների հիմնական խնդիրների լուծումները կախված են մնում ոլորտին հատկացվող տարեկան բյուջեի չափից՝ այսինքն պետությունից։ Իսկ մինչ երկրում համապարփակ բժշկական ապահովագրության ներդրումը, որը սպասվում է 2021 թվականից ոչ շուտ՝ անհրաժեշտ են հստակ քայլեր մարդկանց առողջական վիճակի բարելավման ուղղությամբ, այլ կերպ ասած՝ պետությունը պետք է կարողանա հոգալ հիվանդի բուժման համար անհրաժեշտ ծախսերը:

    Խոսելով ներկայիս սոցիալական փաթեթի շրջանակում անվճար և համավճարով տրամադրվող բուժծառայությունների մասին՝ Ա. Խարազյանը նշեց, որ հատկացվող բյուջեի համապատասխան ավելացումը կարող է լուծել ներկայումս սոցիալական փաթեթում չընդգրկված, սակայն խիստ անհրաժեշտ համարվող բուժծառայությունների հարցը՝ լաբորատոր հետազոտությունների շրջանակի ընդլայնումը, դժվարամատչելի գործիքային հետազոտությունների, որոշ նեղ մասնագետների խորհրդատվության ներառումը, պետպատվերի շրջանակներում տրամադրվող բուժօգնության որոշակի սահմանափակումների վերացումը, ծննդկանի և նորածնի համար սահմանված պարտադիր հետազոտությունների շրջանակի ընդլայնումը, անվճար տրամադրվող դեղորայքի որակի և շրջանակի ընդլայնման հարցը և այլն:

    «Իհարկե, անհրաժեշտ կլինի վերանայել նաև բժշկին վճարվող գումարի չափաբաժինը, որը տարբերակում չի ստեղծի վերջինիս համար՝ սոցփաթեթի կամ պետպատվերի շրջանակում է հիվանդը սպասարկվում, թե՝ ոչ, քանի որ գաղտնիք չէ, որ սոցիալական փաթեթի և պետպատվերի շրջանակում տրամադրվող բուժծառայության համար բժիշկը անհամեմատ քիչ է վարձատրվում:

    Կան նաև դեպքեր, որ համաքաղաքացին բախվում է մի իրավիճակի, երբ ունի անհետաձգելի բուժօգնության կարիք, բայց համապատասխան կարգավիճակ ունենալով հանդերձ ստիպված է լինում սպասել իր պետպատվերի հերթին, որը ոչ միշտ է հասնում ճիշտ ժամանակին, կամ էլ ունենալով սոցիալական փաթեթ չի կարողանում օգտվել իրեն անհրաժեշտ բուժծառայություններից, քանի որ դրանք ընդգրկված չեն սոցփաթեթի շրջանակում անվճար կամ համավճարով տրամադրվող բուժծառայությունների ցանկում: Եթե այս և այլ հարցեր մնան որպես հարց, մենք չենք ունենա այն արդյունքը, որին ձգտում ենք, սոցփաթեթները, պետպատվերը կլինեն միայն մասամբ օգտակար, բայց մենք խոսում ենք հանրային առողջության պահպանմանն ուղղված զարգացումների մասին, որտեղ անհրաժեշտ են հստակ քայլեր և օրենքներ, որոնք չեն մնա միայն թղթի վրա:

    Այսինքն պետք է խուսափենք հանրային առողջապահության հարցում նախկին լիարժեք չձևավորված մոտեցումների պատկերից, որը խոչընդոտում էր համակարգի հիմնախնդիրների հաղթահարմանը՝ որոշակի սահմանափակումներ ստեղծելով ոլորտում արդյունավետ բարեփոխումների իրականացման համար:

    Շատ կարևոր է, որ համակարգային փոփոխությունները, հատկապես հանրային առողջապահության ոլորտի բարեփոխումները, ուղղված լինեն առողջապահական ոլորտի խնդիրները բացահայտելուն, հանրության տարբեր և հատկապես խոցելի խմբերի առողջական վիճակն ու հնարավոր ռիսկային գործոնները գնահատելուն, դրանց վերլուծելուն, արձանագրված խնդիրներին համապատասխան լուծումներ տալուն, նոր կանխարգելիչ ծրագրեր մշակելուն, բարելավման կարիք ունեցող մարզային բուժհաստատությունների արդիականացմանը՝ դրանով իսկ նպաստելով բնակչության առողջական վիճակի ամրապնդմանը»,- ասաց Արման Խարազյանը:

    Նման թեմաներ

    scroll to top