Քաղաքաշինության կոմիտեն բնակարանաշինական նոր նախագիծ է մշակում` մարզերի նորաստեղծ ընտանիքների համար։ Երևան գալու փոխարեն նրանց կառաջարկեն պետական վարձով բնակարան հարազատ մարզում։
Այն մագնիսական ուժը, որը մարզերի բնակիչներին ձգում է դեպի Երևան, ուղղությունը պիտի փոխի դեպի մարզեր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես ասաց Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահ, ճարտարապետ Վահագն Վերմիշյանը։
«Գյուղը պիտի զարգացնենք, գյուղի և քաղաքի կյանքի որակի կատաստրոֆիկ տարբերությունը պիտի վերացնենք, որպեսզի գյուղացին այսօր ունենա նմանատիպ կյանքի որակ, ինչ քաղաքի կենտրոնում բնակվողը»,– ասաց նա։
Տարաբնակեցման խնդիրը լուծելու հիմանական գրավականը քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը համարում է մարզերում պետական բնակարանաշինական ծրագրերի իրականացումը։
Վահագն Վերմիշյանն արդեն իսկ նման ծրագիր է հղացել, որի համաձայն նորաստեղծ ընտանիքները, որոնք հնարավորություն չունեն նոր բնակարան գնելու, կարող են այն վարձակալել պետությունից։
«Բնակարանի դիմաց սիմվոլիկ գումար կվճարեն, օրինակ` 10 դոլար ամսական»,– ասաց Վերմիշյանը։
Նրա խոսքով` քաղաքաշինության կոմիտեն այժմ աշխատում է ծրագրի վրա, և հույս կա, որ մինչև մայիս այն արդեն կներկայացվի կառավարությանն ու հանրությանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում