Գլխավոր Լուրեր Փաստաբանն ու ԲԴԽ անդամը հրաժարվեցին հայցերից

Փաստաբանն ու ԲԴԽ անդամը հրաժարվեցին հայցերից

4
0

Փաստաբան Երվանդ Վարոսյանը կարդացել է ԲԴԽ անդամ  Հայկ Հովհաննիսյանի հայտարարությունը իր դեմ ներկայացված հայցից հրաժարվելու, առկա իրավական խնդիրները քննարկելու ու լուծումներ գտնելու մասին։

«Չնայած այս հայտարարությանը նախորդել էր հայցային «փոխրաձգություն», կարող եմ փաստել, որ եթե հայտարարված դիքորոշումը հանգեցնի իմ կամ շահագրգիռ այլ անձանց կողմից բարձրացված հարցերի արդյունավետ քննարկմանն ու լուծմանը, ապա բոլորս հաջողած կլինենք։
Հետայսու ևս շարունակելու եմ բարձրաձայնել իմ կողմից նկատած յուրաքանչյուր խնդիր, և դա անելու եմ, ինչպես միշտ, մեկ նպատակով` քննարկման առարկա դարձնելու, ապա լուծելու այդ խնդիրը։
Հայկ Հովհաննիսյանը հրապարակային հայտարարությամբ անդրադարձել է իր կողմից նախկինում ինձ ուղղված որոշ սուր գնահատականներին և նշել, որ ցավում է, եթե դա վիրավորական երանգ է պարունակել։ Կարծում եմ ստեղծված իրավիճակում նրա դեմ դատարան ներկայացված հայցս արդեն ինքնանպատակ է դառնում, ուստի ինքս էլ կխնդրեմ ներկայացուցչիս հրաժարվել ներկայացված հայցից»,- ասված է նրա Ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը հետ է վերցրել իր դատական հայցն ընդդեմ փաստաբան Երվանդ Վարոսյանի։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հաշվի առնելով իմ և փաստաբան Երվանդ Վարոսյանի միջև առկա դատական վեճերի հանդեպ որոշակի հանրային և մասնագիտական շրջանակների ուշադրությունը, հայտնում եմ հետևյալը.

1) Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության արմատավորման նպատակով հարկ է միավորել բոլորիս ջանքերը։ Իրավական բարդ տեսական և գործնական բնույթի հարցերի լուծումը պահանջում է շահագրգիռ քննարկումներ, բացմտություն ու բոլոր առկա կարծիքները բազմակողմանի դիտարկելու և հաշվի առնելու անհրաժեշտություն:

2) Վեճերի լուծման այնպիսի միջոցները ինչպիսիք են հաշտարարությունը և կառուցողական բանակցություններն առավել հարմար են անկեղծ և անմիջական մթնոլորտում ամենակնճռոտ խնդիրների քննարկման համար։

3) Ինչ վերաբերում է իմ կողմից նախկինում արտահայտած սուր գնահատականներին, ապա ցավում եմ, եթե դրանք գնահատվել են իբրև վիրավորական: Իմ կողմից թիրախավորվել է իրավական խնդիրը և ոչ թե անձը։

4) Պատրաստ եմ գործընկերային մթնոլորտում քննարկել հանրային ծառայության ոլորտին առնչվող ցանկացած իրավական հարց թե՛ Երվանդ Վարոսյանի և թե՛ մասնագիտական շրջանակների այլ ներկայացուցիչների հետ։

5) Վերոհիշյալի հաշվառմամբ, որոշում եմ կայացրել միակողմանիորեն հրաժարվել հայցից»,-գրել է ԲԴԽ անդամը։