Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Փաստորեն «Սանիթեքը» փող ունի, բայց քաղաքն աղբի մեջ կորած է

    Փաստորեն «Սանիթեքը» փող ունի, բայց քաղաքն աղբի մեջ կորած է

    Փաստորեն «Սանիթեքը» փող ունի, բայց քաղաքն աղբի մեջ կորած է
    Օգոստոս 2, 2019 16:31 Լուրեր, Հասարակություն, Վերլուծական A+ / A-

    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Սանիթեք» ընկերությունը պատրաստվում էր ասուլիս հրավիրել Վրաստանում, սակայն, քանի որ այն չեղարկվեց,  ընկերության ներկայացուցիչները այսօր լրագրողների հետ հանդիպեցին Երեւանում: Թեև, եթե անկեղծ, այն դժվար էր ասուլիս համարել, քանի որ ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թալիվը  պարզաբանումներ տալիս էր  սկայպ տեսակապով, կապը պարբերաբար ընդհատվում էր, լրագրողների հարցերը նա չէր լսում:

    Պատճառաբանությունը, թե Վրաստանից ասուլիս տալը ընկերության դեմ ագրեսիայի ու ճնշման արդյունք էր, այդքան էլ համոզիչ չէր, քանի որ «Սանիթեքի» բոլոր ասուլիսները Երեւանում անցել են նորմալ մթնոլորտում, առանց որեւէ ագրեսիայի դրսեւորման:

    Հիմա անդրադառնանք հնչած փաստարկներին: Նախ՝ ամբողջական վերլուծություն անելու համար պետք է  հրապարակային ու տեսանելի լինի «Սանիթեքի» եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագիրը, քանզի մինչ օրս միայն միմյանց հասցեին հնչող  մեղադրանքներից  համակողմանի  ճշմարտությունը  պարզելը դժվար է: Հուսանք՝ քաղաքապետարանը կհրապարակի «Սանիթեքի» հետ կնքած պայմանագիրը:

    «Սանիթեքի» տնօրենի ասուլիսում, սակայն, հակասություն կա: Նախ՝ ընկերությունը հայտարարում է, որ իշխանությունը ցանկանում է բռնագրավել իր միջոցները, հարուցված քրեական գործը քաղաքական է, որը լավ չի անդրադառնա ներդրողների վրա, ապա՝ հայտարարում, թե այսքանից հետո պատրաստ է աշխատելու Հայաստանում: Հարց՝ եթե որեւէ երկրի կառավարություն խոչընդոտում է ներդրող ընկերությանը, ապա վերջինս ինչո՛ւ է ցանկանում բիզնեսով զբաղվել այդ երկրում:

    Հետաքրքիր ու մտածելու տեղիք տվող մյուս հարցը հետեւյալն է. «Սանիթեքը» որպես կարճաժամկետ լուծում առաջարկում է պայմանագրի վերանայում: Արդյոք սա չի՞ նշանակում աղբահանության սակագնի ավելացում կամ, գուցե, ընկերության համար ցանկալի  հարկային պայմաններ ու պարտավորություններ: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, կարծում ենք, պետք է պատասխանի  այս հարցերին:

    Մեկ այլ հակասական հայտարարություն. եթե «Սանիթեքը» ֆինանսական ծանր վիճակում է, որ աղբահանության  համար պետք է քաղաքապետարանի հետ համատեղ լուծում գտնի, ի՞նչ գումարներով է պատրաստ 4 մլն դոլարի ներդրում անել, զարգացնել անգամ Նուբարաշենի աղբավայրի ենթակառուցվածքները: Ինչքանո՞վ է այս  հայտարարությունը իրատեսական: Եթե ընկերությունն իրոք ունի բավարար ֆինանսական միջոցներ, ապա կարելի է եզրակացնել՝ «Սանիթեքը» փող ունի, բայց քաղաքն աղբի մեջ կորած է:

    Բայց «Սանիթեքի» տնօրենի այսօրվա հայտարարությունից ակնհայտ է՝ Հայաստանում աղբահանությամբ զբաղվելը եկամտաբեր է, այլապես Նիկոլաս Էլ Թալիվը քաղաքապետարանի հետ բանակցելու պատրաստակամությունը մի քանի անգամ չէր շեշտի:

    Հուսանք՝ «Սանիթեքի» դեմ քրեական գործի նախաքննության ավարտից հետո  հանրությունը կիմանա ճշմարտությունը,  բազմաթիվ լուրերին ու շշուկներին պատասխան կտրվի, չնայած Երեւանի բնակիչներին, մեծ հաշվով, չի հետաքրքրում՝ ով եւ ինչպես կլուծի աղբահանության հարցը: Կարևոր է, որ օր առաջ քաղաքը մաքրվի գարշահոտությունից:

    Սոնա Դավթյան


    scroll to top