Գլխավոր Լուրեր Փնտրվում են բնության համար պայքարողները՝ բնապահպանները

Փնտրվում են բնության համար պայքարողները՝ բնապահպանները

8
0

Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող հիմնական իրադարձությունները ծավալվում են Տավուշի մարզում: Մարզի անտառները հատողներն իրենց այնքան են օրենքից վեր դասում, որ ուղիղ մարտահրավեր են նետել պետությանն ու հանուն անօրինական գործողությունների իրենց թույլ են տալիս ոստիկանների վրա ձեռք բարձրացնել: Իջևանում տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ կրքերը շարունակում են թեժ մնալ Սևանա լճում: Լիճը նոր-նոր է մաքրվում կանաչ ջրիմուռներից:

Հանրությունը ուղիղ պահանջ է ներկայացնում իշխանությանը՝ «արգելել ապօրինի անտառահատումները» և «փրկել Սևանա լիճը»:

Մինչ իշխանությունը մեն-մենակ պայքարում է անտառահատների դեմ և փորձում քայլեր ձեռնարկել Սևանը փրկելու ուղղությամբ, հանրության աչքին բացակայում են այսպես կոչված բնապահպանները:

Հարց է առաջանում. մի՞թե Իջևանում և Սևանում չկա բնապահպանական հիմնախնդիր, որ տարատեսակ «ակտիվիստները» այդ ամենի դեմ չեն պայքարում: Պատասխանը պարզ է. թե՛ Սևանում, թե՛ Տավուշի մարզում կա շատ լուրջ բնապահպանական խնդիր: Տավուշի անտառների հատումներով խախտվել և շարունակում է խախտվել էկոլոգիան, անտառները հատելով Հայաստանը գնում է անապատացման: Նույնն էլ Սևանում է:

Բնապահպանական աղետը կարող է այն աստիճանի հասնել, որ մի օր կկորցնենք Սևանը: Այս ամենի ֆոնին բնապահպան ակտիվիստներին դա ընդհանրապես չի հուզում, քանի որ նրանք այդ ամենի դեմ պայքարելու համար դրամաշնորհներ, այսպես կոչված՝ «գռանտներ», չեն ստացել:

Ա՛յ Ամուլսարի շահագործման դեմ պայքարելու համար նրանք ստացել են դրամաշնորհներ և պայքարում են այնքան, որքան սիրտդ ուզի, թեև միջազգային ամենահեղինակավոր կառույցներն արդեն իսկ տվել են եզրակացություն այն մասին, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը չի կարող դառնալ բնապահպանական աղետ:

Տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին փաստում ենք դառը իրականությունն այն մասին, որ Հայաստանում բնապահպանների, այսպես կոչված, պայքարը կեղծ է և ունի հատուկ ուղղվածություն: