Հինգշաբթի , 17 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Փողոցային առևտուրը նահանջո՞ւմ է

    Փողոցային առևտուրը նահանջո՞ւմ է

    Փողոցային առևտուրը նահանջո՞ւմ է
    Հունվար 10, 2019 18:01 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Փողոցային առևտրի դեմ պայքարը միշտ եղել է քաղաքային իշխանության օրակարգային հարցերից մեկը: Բազմիցս է հայտարարվել այն արգելելու մասին:

    Օրերս Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն անդրադարձավ բացօթյա առեւտրի թեմային, անգամ կոնկրետ ժամկետներ նշեց՝ խոստանալով, որ մինչեւ հունվարի 15-ը կվերացվի գյուղմթերքի բացօթյա ապօրինի առեւտուրը, ապա «կանցնեն» մայրաքաղաքի փողոցներում տարատեսակ այլ ապրանքների ապօրինի առեւտրին: «Ընդամենը մի քանի օրից քաղաքացիները կտեսնեն նոր, որակապես այլ Երեւան»,- հայտարարել էր նորանշանակ ղեկավարը:

    Քաղաքապետարանի աշխատակիցների շրջայցերը «խրոնիկ» բացօթյա առևտրի վայրեր արդեն  սկսվել են: Araratnews-ը շրջեց Երևանի որոշ փողոցներով՝ Տիգրան Մեծի պողոտա, Նար-Դոսի, Խորենացու փողոցներ։ Սրանք այն փողոցներն են, որտեղ միշտ եռացել է բացօթյա առեւտուրը։ Արգելքն իսկապես արդյունք տվել էր. միրգ-բանջարեղեն, կանաչի վաճառողները բացակայում էին: Միայն սիգ վաճառող մի կնոջ հանդիպեցինք: Առանց տեսախցիկի նա անկեղծացավ:

    Մեր այն հարցին, թե տեղյակ չէ՞, որ արգելված է բացօթյա առևտուրը, հատկապես սիգի, նա նետեց՝ «լավ էլ տեղյակ եմ, բայց ի՞նչ անեմ՝ 4 երեխա ունեմ, նրանց ո՞նց պահեմ»: Մենք հետաքրքրվեցինք՝ քաղաքային իշխանության ու ոստիկանության ներկայացուցիչները դեռ չե՞ն անհանգստացրել, կինն ասաց, թե անհանգստացրել են, բայց միևնույն է՝ որքան էլ արգելեն, ինքը չի հրաժարվելու իր ապրուստի միջոց բացօթյա առևտրից: Այսքանով նա ավարտված համարեց մեր զրույցը:

    Հիշեցնենք, որ քաղաքապետարանը նախօրեին հրապարակել է վարչական շրջանների այն շուկաների և տարածքների հասցեները, որտեղ օրենքով սահմանված կարգով թույլատրվում է վճարովի կամ անվճար հիմունքներով առևտուր իրականացնել: Բացօթյա առևտուր իրականացնողներն էլ ամենևին չեն շտապում շուկա մտնել, որովհետև նրանց գնահատմամբ՝վարձավճարները մատչելի չեն: Նրանք պնդում են, որ իրենց առաջարկած վարձավճարները ոչ մի ընդհանուր բան չունեն նախապես հայտարարվածի հետ. դրանք շատ ավելի բարձր են:

    Թե ում պնդումն է իրականությանը համապատասխանում՝ դժվար է ասել: Սակայն միանշանակ է, որ այստեղ անելիք ունի պետական կարգավորում ասվածը: Ու այս պարագայում այնքան էլ համոզիչ չէ շուկայական օրենքների վկայակոչումը: Պետությունն ունի՛ գնային քաղաքականության կարգավորման իրավունքը: Հակառակ դեպքում՝ ինչի՞ համար է ստեղծված Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Եվ ուրեմն՝ արդյոք կտեսնե՞նք պետական կարգավորում ասվածը… Կապրենք՝ կտեսնենք:

    Անահիտ Ավագյան


    scroll to top