Գլխավոր Լուրեր Փրկենք Ամուլսարը․ Վարազդատ Կարապետյան

Փրկենք Ամուլսարը․ Վարազդատ Կարապետյան

18
0

Մեր ստացած ժառանգությունը վատն է՝ տասնյակ պոչամբարներ ու հանքեր, որոնք թունավորում են մեր կյանքի ու ջրերի աղբյուրները, ձևախեղում մեր էությունը։
Առանց ռիսկերի հանքեր չեն լինում։

Անհավատալի է, որ մենք կկառավարենք ռիսկեր, որոնք մեր այսօրվա քայլերի արդյունքում մեր սերունդները կժառանգեն թթվային դրենաժների, թունաբեր անձրևների, պղծված աղբյուրների ու գետերի տեսքով։
Մեր դեմ է աշխատում համաշխարհային հանքարդյունահանող հսկա հրեշը՝ իրեն ծառայող մարդկանցով, ինստիտուտներով, ֆինանսներով,փորձագետներով…
Ու հիմա մենք կանգնած ենք ընտրության առջև՝ հետևենք հանքահենների կողմից մեզ պարտադրված մեր իսկ երկրում գործող օրենքներին և թույլ տանք հերթական երախը բացել մեր սարերում, կամ
ջարդենք ընդունված կարգն ու հայտարարենք, որ մեր երկրի տերը մենք ենք։
Էական չէ, թե ինչ ուժեր են ում սատարում, ինչ խարդավանքներ են նյութում միմյանց ու մեր դեմ։
Էականը մեր արժեքն է՝ ազատ, ինքնիշխան, անարատ երկրի ներկան։

Բնական բարոյականության օրենքը վեր է սահմանադրությունից էլ, օրենքներից էլ։

Ամուլսարի պաշարների նկատմամբ հավակնություն ունեցող ընկերությունը ազնիվ չէ մեր ու մեր երկրի հանդեպ։
Որևէ անկախ փորձաքննություն չի կարող հերքել հարյուրավոր վտանգների ու կենսական սպառնալիքի առկայությունը։

Հիմա խնդրանքս բոլորին (հատկապես հայ մարդկանց, ովքեր կամա թե ակամա ծառայում են հանքահեններին)՝ օգնեք, որ կառավարությունը չսխալվի։ Տվեք կառավարությանն այն հիմքերը, որոնցով շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր փորձաքննություն պետք է անցկացվի։

Ամեն մեկիս քայլից հիմա կախված է մեր երկրի ապագան։

Փրկենք Ամուլսարը։

Գրել է պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։