Գլխավոր Լուրեր «Պոբեդային» փոխարինող կա, սպասում ենք պատասխանի. վարչապետի խորհրդական

«Պոբեդային» փոխարինող կա, սպասում ենք պատասխանի. վարչապետի խորհրդական

8
0

Araratnews.am-ը տեղեկացրել էր, որ «Պոբեդա» ավիաընկերությունը հնարավոր է ձմռանը  Գյումրիից Մոսկվա թռիչքներ չիրականացնի:  Պատճառների մասին տարբեր լուրեր են հրապարակվում: Այսօր «Հրապարակը» գրել է՝ քաղաքացիական ավիացիայի  կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը ցանկանում է այլ լոուքոսթերներ բերել Երևան, այլ ոչ թե Գյումրի, որի պատճառով «Պոբեդան» չի ցանկանում աշխատել Գյումրիում:

Araratnews.am-ը վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանին, որն օրեր առաջ «Ֆեյսբուքում» գրառում էր արել «Պոբեդայի» մասին, մի քանի հարց ուղղեց ընկերության հետագա գործունեության եւ կառավարության անելիքների մասին:

-Պարոն Ճաղարյան, արդեն հստա՞կ է, որ «Պոբեդան» ձմռանը կաշխատի: Միասնական որոշում կա՞: Հավաստի՞ է մամուլի այն հրապարակումը, թե  Տաթևիկ Ռևազյանը ցանկանում է այլ լոուքոսթերներ բերել Երևան, այլ ոչ թե Գյումրի, որի պատճառով էլ «Պոբեդան» հեռանում է: 

-Ես գրել էի, որ «Պոբեդա» ընկերությունը ցանկանում է մուտք գործել «Զվարթնոց» օդանավակայան, որը չի տեղավորվում մեր պետական շահերի մեջ: Մենք պետք է զարգացնենք աղետի գոտին՝ այն դարձնենք չաղետի գոտի: Հնարավոր է, որ «Պոբեդա» ընկերությունն օգտագործում  է այն փաստը, որ քաղավիացիայի ղեկավարը ցանկանում է լոուքոստերներ ներգրավել թռիչքների կատարման համար: Սակայն չեմ կարող ասել՝ այդ լուրերը հավաստի՞ են, թե՞ ոչ: Այդ հարցին կարող է պատասխանել «Պոբեդայի» մենեջմենթը:

 -Լուրեր կան, որ կառավարությունում «Պոբեդայի», ավիացիայի ոլորտի  քննարկումներ են եղել «Պոբեդայի» հեռանալու լուրերի հրապարակումից հետո: Եթե այդպես է, Դուք մասնակցե՞լ եք քննարկումներին

— Կառավարությունում այդպիսի քննարկումներ չեն եղել: Ես իմ զեկույցը պատրաստել եմ եւ ուղարկել վարչապետին:

-Փաստորեն, դեռ հայտնի չէ՝ «Պոբեդան» կաշխատի՞, թե՞ ոչ:

Դա «Պոբեդայի» խնդիրն է: Մենք նրանց փոխարինող ունենք:

-Այսինքն՝ Գյումրիից թռիչքներ կլինեն: Իսկ ո՞վ է դա անելու:

-Դա հայկական ավիաընկերությունը կանի:  Այլ մանրամասներ չեմ կարող ասել:

-Իսկ ե՞րբ հստակ կլինի ամեն ինչ:

— Երբ «Պոբեդան» պաշտոնապես պատասխանի:

-Պարո՛ն Ճաղարյան, վարչապետը մի քանի անգամ կրկնել է Գյումրին աշխուժացնելու մասին: Արդյոք ճիշտ է այլ լոուքոսթերներ բերել Երևան, այլ ոչ թե Գյումրի, որի պատճառով, փաստորեն, Մոսկվայից Գյումրի թռիչքներ «Պոբեդան» հնարավոր է չիրականացնի: 

-Այդ հարցերը քննարկվում են կառավարության նիստերում, քննարկումներում: Այդ հարցերը Ձեզ հետ չեմ կարող քննարկել:

-Դուք դարձյալ պնդո՞ւմ եք, որ պետք է ունենալ ազգային ավիափոխադրող:

Նախ կցանկանայի, որ ազգային ավիափոխադրող դրույթը ճիշտ հասկացվեր: Այդ դրույթը շահարկում են ոչ ճիշտ կտրվածքով: Ազգային ավիափոխադրողն այն ընկերություն է, որը ծնվում  եւ աշխատում է  երկրի օրենքներով, վճարում հարկերը, ներգրավում տեղական աշխատուժ: Դա ժողովրդական արտիսի կամ ազգային հերոսի կոչում չէ: Դա ստատուս է, որին արժանանում է տեղական ընկերությունը: Պարտադիր չէ, որ պետությունը ներգրավված լինի իր ֆինանսներով կամ անօրինական մեխանիզմներով, արտոնություններով ազգային ավիափոխադրող ընկերությունում: Այո, ես պնդում եմ՝ տեղական ավիափոխադրողների ներկայությունը շուկայի միակ  զսպող, մրցակցություն կազմող եւ կարգավորող մեխանիզմը կարող է հանդիսանալ:  Իսկ մրցակցության պարագայում գների անկում տեղի է ունենում եւ սպասարկման որակի բարձրացում:

 -Տեղական ո՞ր ավիաընկերությունը կարող է լինել ազգային ավիափոխադրող: 

-Ազգային ավիափոխադրողը վիրտուալ հասկացություն է: Պետք է դրան արժանանալ:  Այսօր գործող 3՝ «Տարոն ավիա», «Արմենիա», «Ատլանտիս Գրուպ» ավիաընկերություններից որը լավ կաշխատի, կգրավի շուկայի ծանրակշիռ մաս, նա էլ իրավունք կունենա կոչվել ազգային ավիափոխադրող:

Սոնա Դավթյան