Գլխավոր Լուրեր «Reuters»-ը թուրքական լիրայի արժեզրկում է կանխատեսում

«Reuters»-ը թուրքական լիրայի արժեզրկում է կանխատեսում

1
0

Բրիտանական հեղինակավոր «Reuters» պարբերականը թուրքական լիրայի փոխարժեքի տատանումների վերաբերյալ ուշագրավ կանխատեսումներ է հրապարակել։ 28 կազմակերպության մասնակցությամբ իրականացված հարցումների վրա հիմնված կանպատեսումների համաձայն՝ ընտրություններից հետո առաջացած պոտենցիալ անորոշության և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին լիրան կշարունակի արժեզրկվել։

Ապրիլի վերջին լիրայի փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ կկազմի 5․6 լիրա։

Հեղինակների կարծիքով՝ թուրքական լիրայի վրա բացասաբար անդրադարձող գործոնների թվում են ռուսական S-400 և ամերիկյան «Պատրիոտ» ՀՕՊ համակարգերի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտությունը և, ընդհանրապես, թուրք–ամերիկյան հարաբերությունները, անկում ապրող տնտեսության կայունացմանն աջակցելու նպատակով ձեռնարկված և ձեռնարկվելիք միջոցառումները, երկրի բնակիչների կողմից արտարժույթի անդադար ձեռքբերումը, գործազրկության և ինֆլյացիայի բարձր մակարդակը։

«Reuters»-ը կանխատեսել է, որ 2019թ․ հուլիսի դրությամբ դոլար / լիրա հարաբերակցությունը համապատասխանաբար կկազմի 1 / 5․65, սեպտեմբերին՝ 1 / 5․92։ Իսկ մեկ տարվա ընթացքում լիրայի փոխարժեքը շուրջ 11 տոկոսով կարժեզրկվի՝ հասնելով 6․25-ի։

Հատկանշական է, որ ի տարբերություն Թուրքիայի՝ զարգացող այլ երկրների ազգային արժույթի համար պարբերականը փոխարժեքի նման անկումներ չի կանխատեսել։

Հավելենք նաև, որ թուրքական լիրան տարեսկզբի համեմատ շուրջ 6 տոկոսով արժեզրկվել է։ Ապրիլի 5-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեը կազմել է 5․58 լիրա։

Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am