Գլխավոր Լուրեր Ռոբերտ Քոչարյանը և իր ընտանիքը չեն մասնակցի դատական ակտի հրապարակմանը

Ռոբերտ Քոչարյանը և իր ընտանիքը չեն մասնակցի դատական ակտի հրապարակմանը

1
0

«Ինչպես հայտնի է, այսօր, ժամը 16:00-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվելու է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:

Հաշվի առնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ Արմեն Դանիելյանի, թույլ չի տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել իրենց դիրքորոշումները և, կոպտորեն ոտնահարելով մրցակցային դատավարության սկզբունքը, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, հայտարարում ենք, որ ո’չ նախագահ Քոչարյանը, ո’չ պաշտպանական խմբի անդամները և ո’չ էլ Քոչարյանների ընտանիքի անդամերը ի նշան բողոքի չեն մասնակցելու այսօր որոշման հրապարակմանը։ Մենք խնդրում ենք նաև մեր բոլոր աջակիցներին ու կողմնակիցներին ևս չգնալ այսօր Վերաքննիչ դատարանի մոտ և չկազմակերպել որևէ միջոցառում», նշված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսներիգործով մեղադրող կողմի բողոքների վերաբերյալ վերջնական դատական ակտերըկհրապարակի հունիսի 25-ին:

Նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը նման որոշման հանգեց այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ իրենք օրենսդրական խնդիրներ են տեսնում գործով և խնդրեց այս պահին կասեցնել գործի քննությունը և դիմել Սահմանադրական դատարան:

Միջնորդությանը միացան նաև Քոչարյանի մյուս պաշտպաններ Ռուբեն Սահակյանը և Հայկ Ալումյանը, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի պաշտպաններ Միհրան Պողոսյանը և Կարեն Մեժլումյանը:

Առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ՝ բողոքների վերաբերյալ դատական ակտեր կայացնելու՝ նկատի ունենալով, որ «պաշտպանական կողմի դրսևորած վարքագիծն ուղղված է դատական նիստն անհարկի ձգձգելուն»:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքների դեմ իրենց առարկությունները ներկայացրեցին 2008-ին ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը և Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Դատարանում խոսել են նաև Մարտի 1-ի գործով տուժած անձինք, ովքեր նշել են, որ միանում են մեղադրող կողմի ներկայացրած բողոքին:

Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին:
Հունիսի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանում իրենց բողոքները ներկայացրեցին մեղադրանքի կողմը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Միաժամանակ Սեդա Սաֆարյանը նաև ներկայացրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի վերաքննիչ բողոքը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ապօրինի և անհիմն որոշում էր կայացրել, որով փոփոխել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը, ինչպես նաև գործի վարույթը կասեցրել և ուղարկել Սահմանադրական դատարան:

Մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Այնուհետև դատավոր Գրիգորյանը կասեցրեց քրեական գործի վարույթն ու այն ուղարկեց Սահմանադրական դատարան:

ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները:

Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։