Գլխավոր Լուրեր Ռոզա Ծառուկյանի ղեկավարած ընկերությունը օրինակելի է գյուղատնտեսության ու մեղվաբուծության զարգացման գործում

Ռոզա Ծառուկյանի ղեկավարած ընկերությունը օրինակելի է գյուղատնտեսության ու մեղվաբուծության զարգացման գործում

11
0

«Ժամանակ» թերթն այսօր գրել է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մորը՝ Ռոզա Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ագրո» ընկերությունը կարող է սնանկ ճանաչվել եւ փակվել: Ըստ հրապարակման, ընկերության աշխատակիցներն արդեն երկրորդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստացել եւ չգիտեն, թե երբ կստանան:

AraratNews.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրեց, որ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:

«Մուլտի Ագրո» գիտաարտադրական միավորումում որևէ ֆինանսական խնդիր չկա, և, համապատասխանաբար, աշխատակիցների աշխատավարձերի չվճարման մասին տեղեկությունը ևս բացարձակ հիմնազուրկ է: Ես իհարկե շատ լավ եմ հասկանում որոշ լրատվամիջոցների՝ Ծառուկյան ազգանունը շահարկելու հաշվին ոչնչից մեծ աղմուկ սարքելու անհագուրդ ցանկությունը, սակայն հերթական անգամ կոչ եմ անում հավատարիմ մնալ լրատվություն տրամադրելու հարցում մասնագիտական պարկեշտության կանոններին: Նմանօրինակ ապատեղեկատվություն տարածելու փոխարեն պարզապես կարելի էր փորձել անհրաժեշտ ինֆորմացիան ճշտել «Մուլտի Ագրո» ընկերությունից կամ ի պաշտոնե ինձնից: Ռոզա Ծառուկյանի ղեկավարած ընկերությունը տասնամյակներ շարունակ օրինակելի տնտեսություն է համարվել գյուղատնտեսության ու մեղվաբուծության զարգացման գործում իրականացրած ահռելի գործունեության առումով և առնվազն պարկեշտ չէ նմանատիպ ստահոդ տեղեկությունների տարածումը»,- ամփոփեց Իվետա Տոնոյանը: