Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ս. Գայանե վանքում կատարվել է Ոտնլվայի արարողությունը

    Ս. Գայանե վանքում կատարվել է Ոտնլվայի արարողությունը

    Ս. Գայանե վանքում կատարվել է Ոտնլվայի արարողությունը
    Ապրիլ 18, 2019 21:56 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակել է Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը:

    Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից մանրամասնում են, որ ավագ հինգշաբթի վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ – Ս. Վարդան մատուռ-մկրտարանում կատարվել է Ապաշխարողաց կարգը:
    Այնուհետև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ս. Գայանե վանքում մասնակցել է Միջօրեի ժամերգությունը և Սուրբ Պատարագի արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, ով Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցել է նաև Սուրբ Բարսեղ Կեսարացու «Սուրբ Հաղորդության մասին» ճառը:
    Նույն օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Ս. Գայանե վանքում կատարվել է Ոտնլվայի արարողությունը:
    Վեհափառ Հայրապետի ձեռամբ օրհնվել են  խորանի վրա դրված ջուրն ու յուղը, որից հետո Նորին Սրբությունը ծնրադիր լվալ  և յուղով օծել է տասներկու անձանց ոտքերը:
    Նրանց թվում էին Մայր Աթոռի միաբաններից Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Հոգեշնորհ Տ. Արիս աբեղա Տոնոյանը, Բարեշնորհ Հրաչ սարկավագ Սուլթանյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի սան Բարեշնորհ Մեսրոպ սարկավագ Հովհաննիսյանը և Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արման Միլիտոնյանը, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից օրթոպեդ-վնասվածքաբան Ստեփան Մաթոսյանը, զինծառայող շարքայիններ Արթուր Համբարձումյանը և Սևակ Առվոյանը, Մայր Աթոռի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Նարեկ Յազյանն ու Հովհաննես Պաբլոյանը, Մարսելի համազգային դպրոցի սան Մունգալ Մատթեոսը և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտ Սարգիս Քեշիշյանը:
    Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվել է հավատացյալներին:
    Ոտնլվային ներկա էին տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի բարերար հայորդիներ և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Բուենոս Այրեսի (Արգենտինա) մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամները:


    Նման թեմաներ

    scroll to top