Երկուշաբթի , 21 Մայիս 2018

    outputra5huxgif
    Cloudy
    13°
    Home » Լուրեր » Ս.Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահը բացեցին «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը

    Ս.Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահը բացեցին «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը

    Ս.Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահը բացեցին «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը
    Փետրվար 9, 2018 22:39 Լուրեր, Հասարակություն, Սպորտ A+ / A-

    ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բացեցին «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը, որը հիմնադրվել է 2017 թվականի դեկտեմբերի 20-ի կառավարության որոշմամբ՝ ՀՊՄՀ Շախմատի հետազոտական կենտրոնի եւ հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի հիման վրա:

    Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

    Նրանք ծանոթացել են ինստիտուտի գործունեության համար ստեղծված պայմաններին և ծրագրերին: Ինստիտուտը գործում է ՀՊՄՀ կազմում՝ որպես առանձին ստորաբաժանում:

    Գիտահետազոտական այս հաստատության կազմում ներգրավված են գիտության տարբեր բնագավառների առաջատար մասնագետներ, ովքեր հետազոտություններ են իրականացնելու շախմատի հոգեբանական, սոցիոլոգիական, կրթական և այլ հիմնախնդիրների շուրջ:

    «Որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ուրախ եմ և շնորհակալ, որ դուք հատուկ ուշադրություն եք դարձնում շախմատին և միշտ հանդես եք գալիս նոր նախաձեռնություններով: Եվ պատահական չէ, որ այսօր մեզ հետ է մեր բարեկամ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, բոլորովին պատահական չէ, որ մեր փորձը հետաքրքրություն է ներկայացնում այլ երկրների համար, իսկ սա առնվազն նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհ ենք բռնել: Ուզում եմ հավատալ, որ սա լինելու է շարունակական»,- «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտ այցի կապակցությամբ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

    Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը սեփական աշխատանքի արդյունքում եկել է եզրահանգման, որ շախմատը կրթական համակարգի կարևոր գործոններից մեկն է:

    Փետրվարի 9-ին Մանկավարժական համալսարանում Շախմատի գիտահետազոտական ինստիտուտի բացման շրջանակում լրագրողների հետ զրույցում նշեց նա:

    «Դեռ 2005թ., երբ Սերժ Սարգսյանի հետ քննարկվում էր շախմատը կրթական համակարգում ներդնելու հարցը, եզրակացությունն այն էր, որ դա անհրաժեշտ է իրականացնել: Երկար նախապատրաստական աշխատանքից հետո 2011 թվականին շախմատը, որպես պարտադիր առարկա, ներդրվեց հանրակրթական համակարգում:

    Այդ տարիներից սկսվեցին հետազոտությունները՝ քայլ առ քայլ հասկանալու համար, թե որքանով է կարևոր շախմատը կրթական համակարգում: Դա նույնն է, երբ մարդն ավելի ու ավելի է բարձրանում լեռան գագաթը, և որքան նա բարձր է, այնքան տեսադաշտն ավելի է ընդլայնվում, լանդշաֆտն ավելի հստակ է երևում»,- նշեց Լպուտյանը:

    Նրա դիտարկմամբ` աշխարհը ևս սկսել է գիտակցել ու մեծ ուշադրություն դարձնել այս ուղղությանը: Ինչպես Սմբատ Լպուտյանը նշեց, թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, երբ երեխաները շատ անգամ ինքնուրույն մտածելու հնարավորություն չեն ունենում, որովհետեւ ինժեներներն արդեն ամեն ինչ իրենց փոխարեն արել են, շախմատը հնարավորություն է տալիս նրանց սովորել մտածել, տրամաբանել, ստեղծագործել ու պայքարել:

    «Մենք ցանկանում ենք ուսումնասիրել հենց այս արժեքները, և այս ինստիտուտն, իմ համոզմամբ, մեծ բարիք կլինի ամբողջ աշխարհի կրթական համակարգերում շախմատի ներդրման համար: Սրանով Հայաստանը կփորձի օգտակար լինել ամբողջ աշխարհի համար: Սրանով շախմատի կարևորությունը, որպես կրթական համակարգի բաղկացուցիչ, այլ ոչ թե որպես զուտ մարզաձև, ավելի է բարձրանում ու ամրապնդվում՝ ունենալով հստակ գիտական հիմք»,- ասաց Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը:

    Նա նաև ընդգծեց, որ ինստիտուտում իրականացվող հետազոտությունները թույլ կտան մշակել կրթական նոր մոտեցումներ ու ուղղություններ, որոնք կօգտագործվեն նաև ներկայում դպրոցներում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման համար:

    Նման թեմաներ

    scroll to top