Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    20°
    Home » Լուրեր » Ս.Սարգսյանը քաղաքականապես կլինիկական մահի մեջ է լինելու. Հացադուլ կհայտարարի

    Ս.Սարգսյանը քաղաքականապես կլինիկական մահի մեջ է լինելու. Հացադուլ կհայտարարի

    Ս.Սարգսյանը քաղաքականապես կլինիկական մահի մեջ է լինելու. Հացադուլ կհայտարարի
    Մարտ 13, 2018 13:47 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանն ապրիլի 9-ից հացադուլ կսկսի։ Այդ օրը լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, ուստի նա իր հացադուլով փորձելու է ահազանգ հնչեցնել բոլոր քաղաքական ուժերին եւ ժողովրդին՝ դուրս գալ փողոց, ընդվզել ու թույլ չտալ, որպեսզի Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ։ Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանը:

    «Լինելու է հացադուլ: Սա այն ժամանակահատվածն է, երբ Սերժ Սարգսյանը քաղաքականապես կլինիկական մահի մեջ է, եւ բացառիկ դեպք է, որովհետեւ երբեւէ Հայաստանում իշխանության փաստացի առաջին դեմքը զրկված չի եղել իրավական լծակներից, եւ այդ ժամանակ հացադուլ է հայտարարվելու: Գտնում եմ, որ քաղաքական ուժերը պետք է համախմբվեն, եւ այդ համախմբումը նաեւ պիտի ազդակ հանդիսանա, որպեսզի ժողովուրդը համախմբվի, եւ ընտրությունները չկայանան, հետագայում հայտարարվեն արտահերթ ընտրություններ, խորհրդարանը ցրվի, սա  բացառիկ հնարավորություն է»,- ասաց Հարությունյանը:

    Նրա խոսքով՝ Ս. Սարգսյանը կրկին ապացուցեց, որ պատրաստ չէ ընտրություններով իշխանությունից հեռանալ: Հիմա, ըստ նրա, պետք է ամեն ինչ անել, որպեսզի կանխվի Սերժ Սարգսյանի վերարտադրությունը: Նա գտնում է, որ էական դերակատարություն կարող է ունենալ «Ելք» դաշինքը: «Նրանք կփորձեն օգտվել այն առիթից, որ Ս. Սարգսյանը լինելու է դահլիճում, եւ բացառիկ հնարավորություն է, որ այդ ընտրությունները վերածվեն Սերժ Սարգսյանի հարցաքննության` կապված ե՛ւ Մարտի մեկի, ե՛ւ Հոկտեմբերի 27-ի, ե՛ւ ապրիլյան պատերազմի, հետեւաբար, կարեւոր է, որ ներսի եւ դրսի էներգետիկան պահպանվի»,- ասաց Արամ Հարությունյանը:

    Կարծում եք հացադուլ հայտարարելով Սերժ Սարգսյանը վարչապետ չի՞ դառնա հարցին Հարությունյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Այնպես չէ, որ իմ հացադուլն է լինելու պատճառը: Ժողովրդի 90 տոկոսը չասենք, բայց 40 տոկոսը հացադուլի մեջ է, եւ դա ազդում է Սերժ Սարգսյանի վրա, խնդիրը քաղաքական ակցիան է, որը նաեւ նպատակ ունի քաղաքական ուժերի եւ ժողովրդի ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա»:

    Արամ Հարությունյանը նշեց, որ այս պահին չի կարող ասել` կլինեն հացադուլին միացողներ, թե՞ ոչ: Առայժմ հստակ չէ, թե որտեղ է իրականացնելու իր քաղաքացիական ակցիան Արամ Հարությունյանը:

    Հիշեցնենք, որ Հարությունյանը 2013-ին էլ էր մեկօրյա հացադուլ արել, որից հետո հանել էր նախագահի իր թեկնածությունը, որպեսզի, ինչպես ինքն էր ասում, Սերժ Սարգսյանը մնա միայնակ։

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top