Չորեքշաբթի , 20 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    22°
    Home » Լուրեր » Սահակ Մինասյանը շուրջ կես միլիոն դրամ է ծախսել ռոք համերգի վրա. սկանդալները ՇՊՀ-ում շարունակվում են

    Սահակ Մինասյանը շուրջ կես միլիոն դրամ է ծախսել ռոք համերգի վրա. սկանդալները ՇՊՀ-ում շարունակվում են

    Սահակ Մինասյանը շուրջ կես միլիոն դրամ է ծախսել ռոք համերգի վրա. սկանդալները ՇՊՀ-ում շարունակվում են
    Հունվար 13, 2018 12:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Շիրակի պետական համալսարանում նախորդ տարվանից սկիզբ առած սկանդալային իրադարձությունները չեն հանդարտվում: Հիշեցնենք, որ բուհի մի խումբ դասախոսներ բաց նամակով դիմել էին երկրի իշխանություններին, բարձրաձայնելով, իրենց խոսքով՝ ռեկտոր Սահակ Մինասյանի կատարած ապօրինությունների մասին: Անցած տարվա ընթացքում Araratnews.am-ը ներկայացրել էր համալսարանում առկա խնդիրները, ինչպես նաեւ դժգոհողների եւ երկրորդ կողմի տեսակետները:

    Հիմա դարձյալ ՇՊՀ-ում աուդիտորական ստուգումներ են սկսվել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց բուհի դասախոսներից Գագիկ Համբարյանը: «Բուհ ժամանած աուդիտորները երկու հոգի են, ժամանել են այն բանից հետո, երբ ես գրառումներ արեցի իմ ֆեյսբուքյան էջում եւ բողոքեցի, որ աուդիտորները դեռ չեն եկել: Իսկ նախապատմությունը նրանում է, որ 2017 թվականի նոյեմբերի 21-ին բուհի պաշտոնական կայքում հայտարարություն էր զետեղվել, որ անցկացվում է աուդիտի անցկացման մրցույթ, եւ աուդիտ անցկացնող կազմակերպությունները պետք է մինչեւ դեկտեմբերի 2-ը իրենց հայտերը ներկայացնեն»,- ասաց Համբարյանը, հավելելով, որ դեկտեմբերի 2-ին պետք է հրապարակվեին հայտերը, որից հետո մրցույթ հայտարարվեր, իսկ հաղթող կազմակերպությունը պետք է մինչեւ դեկտեմբերի 25-ը իր եզրակացությունը ներկայացներ բուհի ֆինանսական գործունեության վերաբերյալ: «Բացարձակ ոչ մի բան չէր արվել, մինչեւ ես չբացահայտեցի հերթական ապօրինությունը»,- ասաց նա:

    Ըստ Համբարյանի` գրառումից հետո երկու անձ է ժամանել բուհ, բացարձակ ոչ ոք չգիտի, թե ովքե՛ր են նրանք, ի՛նչ կազմակերպություն են ներկայացնում եւ կամ ինչո՛ւ են հունվարի 10-ին գալիս, երբ աուդիտորական եզրակացությունը պետք է տրվեր: «Ինչքա՞ն դեռ պետք է պարոն Մինասյանը ապօրինություններ կատարի, որ իշխանությունները վերջապես ուշադրություն դարձնեն: Ես որպես բաց նամակի հեղինակներից մեկը չեմ վստահում այդ աուդիտորական կազմակերպություններին, թափանցիկություն չկա, այնպիսի տպավորություն է, որ սա պարտիզանական շարժում է: Այս ամենից հետո բուհի պաշտոնական կայքում զետեղված է հայտարարություն երկրորդ աուդիտորական մրցույթ կազմակերպելու համար: Սա՞ էլ են այդպես անելու: Պարոն Մինասյանի գործունեությունը լիովին հանցավոր է»,- ասաց Գագիկ Համբարյանը:

    «Բացի այդ, պետք է նշեմ, որ պարոն Մինասյանի հանցագործությունները՝ ֆինանսական առումով, գոնե «Գնումների մասին» օրենքի վերաբերյալ, բացահայտված են նաեւ ԿԳ նախարարության փորձագիտական խմբի կողմից ներկայացրած ակտում: Կոնկրետ չորս կետ պարոն Մինասյանը խախտել է»,- ասաց Համբարյանը, հավելելով, որ Սահակ Մինասյանը բուհի բյուջեին վերաբերում է որպես սեփական գրպանի պարունակության եւ բացարձակ հաշվետվություն չի ներկայացնում: «Միլիոնավոր գումարներ է ծախսում եւ բացարձակ մրցույթ չի հայտարարում, ում հետ ուզում, ինչ ուզում` անում է: Այս ամենին պետք է վերջ տալ»,- ասաց բուհի դասախոսը:

    Համբարյանը նշեց, թե տեղեկացել է, որ Սահակ Մինասյանը հսկայական միջոցներ է ծախսել իր աշխատասենյակը, հանգստի սենյակն ու սանհանգույցը վերանորոգելու համար: «Ահռելի գումարներ է ծախսված նաեւ ամանորյա ֆուրշետի վրա, մագիստրոսների դիպլոմներ հանձնելու արարողության համար: Անհայտ ծագման ռոք խումբ է բերել բուհի բակ եւ այդ խմբին վճարել 450 հազար դրամ: Այսինքն` պարոն Մինասյանն իր ռոքասիրությունը փաթաթում է բուհի վրա»,- ասաց Գագիկ Համբարյանը:

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top