Գլխավոր Լուրեր Սամվել Բալասանյանը նամակ է գրել նախագահ Արմեն Սարգսյանին

Սամվել Բալասանյանը նամակ է գրել նախագահ Արմեն Սարգսյանին

11
0

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ «Կումայրի» արգելոց-թանգարանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական, իսկ այնուհետև՝ հիմնական ցանկում ընդգրկելու համար:

Նամակում մասնավորապես նշված է. «Գյումրին հանրապետության այն եզակի քաղաքներից է, որտեղ պահպանվել է պատմաճարտարապետական մեծ արժեք, ուրույն ոճ և քաղաքաշինական ամբողջականություն ներկայացնող կառուցապատված միջավայր:

Քաղաքի տարածքում հայտնաբերվել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակից մինչև ուշ միջնադարին վերաբերվող հնագիտական հուշարձաններ: Պատմական սկզբնաղբյուրներում առաջին գրավոր հիշատակումն արվել է 774 թվականին: Քաղաքն իր վերելքն ապրել է 19-րդ դարում՝ 1827-1828 թ.թ. ռուս-թուրքական պատերազմից հետո: 1837 թվականին Ռուսաստանի Նիկոլայ 1-ին ցարի այցելությունից հետո, Գյումրին նրա կնոջ՝ Ալեքսանդրիայի անունով անվանափոխվում է Ալեքսանդրապոլ: Հիմնվել են ռազմական ամրություններ և զինվորական ավաններ: Քաղաքը կառուցապատվել է արևմտյան և ռուսական քաղաքաշինական սկզբունքներին համաձայն: 1899 թվականին՝ երկաթուղու կառուցումից հետո, Ալեքսանդրապոլը դառնում է երկաթուղային կարևոր հանգույց, ռազմավարական, առևտրական, արհեստավորական և մշակութային կենտրոն և իր նշանակությամբ Կովկասում 3-րդ քաղաքը՝ Թբիլիսիից և Բաքվից հետո:

Ստեղծված պատմամշակութային արժեքները պահպանելու նպատակով 1980 թվականին ստեղծվել է «Կումայրի» արգելոց-թանգարանը, որը զբաղեցնում է 1095 հեկտար տարածք: Այն իր մեջ ներառնում է 1000-ից ավել պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում՝ բնակելի, հասարակական, արդյունաբերական, ռազմապաշտպանական, պաշտամունքային և այլ նշանակության շենքեր և ինժեներական կառույցներ, որոնք ունեն գիտական, պատմական և մշակութային նշանակություն: 1988 թվականի կործանարար երկրաշարժից վնասվել են պատմամշակութային հուշարձանների մեծ մասը՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ:

Քաղաքի պատմական կենտրոնի վերակառուցման հարցը մշտապես իր տեղն է գտել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում: «Կումայրի» արգելոց-թանգարանի պատմամշակութային արժեքները, քաղաքաշինական ավանդույթները պահպանելու, ներդրումային ակտիվությունը խթանելու, տուրիզմի զարգացմանը նպաստելու, ապրելու և աշխատելու համար հարմարավետ ժամանակակից միջավայր ստեղծելու նպատակով 2017 թվականին ստեղծվել է «Կումայրի վերածնունդ» ներդրումային հիմնադրամը, որի միջոցով մշակվել է «Կումայրի» արգելոցի-թանգարանի վերակառուցման հայեցակարգ և կենտրոնի մի հատվածի գոտևորման նախագիծը: Վերականգնման ծրագիրը քայլ առ քայլ կյանքի է կոչվում: Վերականգնված է հուշարձանների մի փոքր մասը, մյուսների հետագա գոյությունը վտանգված է ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Գյումրի քաղաքի պատմամշակութային ժառանգությունը պահպանելու, այն արժեւորելու և հանրահռչակելու նպատակով խնդրում եմ Ձեր աջակցությունն՝ անհրաժեշտ աշխատանքներ կատարելու ուղղությամբ, նպատակ ունենալով «Կումայրի» արգելոց-թանգարանն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական, իսկ այնուհետև՝ հիմնական ցանկում»: