Ուրբաթ , 19 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    10°
    Home » Լուրեր » ՍԱՊԾ-ն՝ Թթվասերի շուկայում հայտնաբերված խախտումների մասին

    ՍԱՊԾ-ն՝ Թթվասերի շուկայում հայտնաբերված խախտումների մասին

    ՍԱՊԾ-ն՝ Թթվասերի շուկայում հայտնաբերված խախտումների մասին
    Փետրվար 9, 2018 21:34 Լուրեր, Հասարակություն, Տնտեսական A+ / A-

    Թթվասերի շուկայում հայտնաբերված խախտումները արտադրողների մոտ որակի կառավարման համակարգերի բացակայության կամ, առկայության դեպքում, թերի կիրառման արդյունք է: Ծառայության նախաձեռնությամբ հրավիրած հանրային քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:

    ՍԱՊԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են սպառողների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, սննդամթերք արտադրողների միությունների, ինչպես նաև «Հետք» հետաքննող լրագրողների միության ներկայացուցիչներ, Ծառայության պատասխանատու պաշտոնյաներ:

    Հասարակական սեկտորին են ներկայացվել «Հետք» էլեկտրոնային կայքում հրապարակված՝ թթվասերի փորձաքննության ցուցանիշների հիման վրա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կատարված վերահսկողության օպերատիվ արդյունքները, այն խնդիրները, որոնք բացահայտվել են կաթնամթերքի շուկայում և որոնք կարող էին հանգեցնել այդօրինակ խախտումների:

    Պետական վերահսկողության միջոցառումների շրջանակներում արձանագրվել են համակարգային մի շարք խնդիրներ, որոնք բնորոշ են գրեթե բոլոր արտադրողներին. կաթի մթերում առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, կաթի մթերման գործընթացի կազմակերպման, մնացորդային նյութերի, ինչպես նաև արտադրական պրոցեսների նկատմամբ ոչ պատշաճ փաստաթղթավորված և թերի հսկողություն (դիտարկումներ են իրականացվել այն բոլոր կազմակերպություններում, որոնց արտադրանքում «Հետք»-ն արձանագրել էր անհամապատասխանություններ՝ «Չանախ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Էջմիածին կաթ» ՍՊԸ, «Թամարա» ՍՊԸ, «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ,  «Պարգև» ՍՊԸ):

    Ծառայությունը թթվասերի նմուշների փորձաքննությունների ամբողջական պատկերը կհրապարակի ամփոփելուց անմիջապես հետո:
    Ըստ աղբյուրի, կաթնամթերքի շուկան, որպես բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտ, Ծառայության հսկողության առաջնահերթ ուղղություններից է եղել նաև անցյալ տարի:

    Միայն 2017 թվականին այս ոլորտում իրականացվել է 66 ստուգում և 14 դիտարկում. հայտնաբերվել է հիգիենայի խախտման 35, դեռատիզացիայի բացակայության 14, անձնակազմի բուժզննության խախտման 18, հումքի անվտանգության փաստաթղթերի բացակայության 25, փոխադրամիջոցի անհամապատասխանության 4 և լաբորատոր հսկողության բացակայության 15 դեպք:

    Նման թեմաներ

    scroll to top