Գլխավոր Լուրեր Սատկած ձին մորթել են, տարել երշիկի ցեխ․ ֆերմեր

Սատկած ձին մորթել են, տարել երշիկի ցեխ․ ֆերմեր

18
0

Մարտունու շրջանում հիվանդ կենդանիներին վաճառում են, որտեղից գնված միսը տեղափոխում են Երևան: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆերմեր Տիգրան Եղոյանը։

Եղոյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում գյուղատնտեսություն չկա։

«Զարմանում եմ, երբ վարչապետը գնում է Սյունիք և Վանաձոր ու հանդիպում է պանրի արտադրությամբ զբաղվողների հետ։ Եթե անասնապահություն չկա, ուրեմն պանրի արտադրություն գոյություն չունի․ արհեստական կաթի փոշիներով պանրի արտադրությունը թող մեր ժողովրդին չհրամցնեն որպես գյուղատնտեսության աճ։

Երևանում և Երևանի շրջակայքում տեղադրել են ջերմոցներ, պոմիդոր են արտահանում ու դա որպես տնտեսական աճ ներկայացնում, բայց դա դարձյալ բլեֆ է, որովհետև գյուղացին զրկվել է իր կենսական ապրուստից՝ հողագործությունից ու անասնապահությունից և, հետևաբար, գյուղատնտեսության զարգացման մասին խոսելն է անիմաստ»,- ասաց ֆերմերը՝ շեշտելով անասնաբույժների աշխատավարձի խիստ ցածր լինելու հանգամանքը։

Ֆերմերը նաև հայտնեց, որ անասնապահությանը վտանգ է սպառնում նաև բռնկված բրուցելոզ հիվանդության պատճառով։

«Մի քանի ամիս է՝ Վայոց ձորում սարսափելի իրավիճակ է տիրում։ Մարզի Քարագլուխ, Շատին և մի քանի այլ գյուղերում բրուցելոզ հիվանդությամբ տառապած կենդանիների միսը տանում վաճառում են։ Մարտունու շրջանում հիվանդ կենդանիներին վաճառում են, որտեղից գնված միսը տեղափոխում են Երևան։ Անասնաբուժական ծառայությունը չի կարողանում ստուգայցեր իրականացնել․ այդ աշխատավարձով դա հնարավոր չէ։ Սատկած ձին մեկ օր մնացել է այս շոգին, որից հետո ականատես եմ եղել, որ եկել մորթել են, իմ հարցին՝ էս ո՞ւր եք տանում, ասել են՝ երշիկի ցեխ․ իսկ երշիկն ուտում է մեր հասարակությունը։ Եթե իմ հայտարարության մեջ կա զրպարտանք, ինձ թող դատի տան։

Մարտունու շուկայում էլ վաճառում են վարակված կենդանիներ․ անկառավարելի իրավիճակ։ Նույնն է վիճակը ԳՈՒՄ-ի շուկայում, որտեղ վաճառում են սատկած կենդանու միս, այդ միսը նախ թողնում են կալիումի պերմանգանատի (մարգանցովկա) լուծույթի մեջ, ապա հանում վաճառքի»,- ասաց Եղոյանը։