Երեքշաբթի , 25 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    26°
    Home » Լուրեր » Հնչակյան կուսակցությունը դուրս եկավ «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից

    Հնչակյան կուսակցությունը դուրս եկավ «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից

    Հնչակյան կուսակցությունը դուրս եկավ «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից
    Հուլիս 11, 2018 10:33 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը `Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից դուրս գալու որոշում է կայացրել։ Նրանք իրենց անվստահությունն են հայտնել հիմնադրամի Ամերիկայում գործող գրասենյակի գործունեության նկատմամբ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

    ՍԴՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

    «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Արեւմտյան Ամերիկայի Վարիչ Մարմինը հայտարարել է, որ դուրս է գալիս «Հայաստան» Հիմնադրամի Ամերիկայի Հոգաբարձուների խորհրդի կազմից, իր անվստահությունը հայտնելով Լոս Անջերեսի մեջ գործող Հիմնադրամի գրասենյակի գործունեության նկատմամբ: Վերջին տասնամյակում Խորհրդի մաս կազմող եկեղեցական, կուսակցական եւ բարեսիրական կազմակերպությունների ներկայացուցիչները ամբողջությամբ անտեսված են ու բոլոր որոշումները եւ նյութական գործառնությունները կենտրոնացած են Հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի կողմից նշանակված եւ իր կողմից ղեկավարվող՝ Լոս Անջելեսի գրասենյակի անձնակազմի մոտ: Խորհրդի կազմից խլված է վերահսկողություն հաստատելու իրավունքը եւ այդ մարմնի գոյությունը դարձել է ձեւական:

    Անցյալում, մեր բոլոր բողոքները մնացել էին անհետեւանք եւ հույս ունեինք, որ Հայաստանի նոր իշխանություններու օրոք Լոս Անջելեսի գրասենյակը կփոխի իր գործելաոճը ու կհետեւի Ամերիկյան օրենքներով հաստատված կանոնադրության պահանջներին: Սակայն, անցած շաբաթ Արա Վարդանյանի աղմկահարույց ձերբակալությունից հետո ի հայտ եկավ, որ նոյնիսկ բանտի պատերի հետեւից նա շարունակում է ղեկավարել Լոս Անջելեսի գրասենյակը:

    Հուլիս 6-ին նախատեսված էր Խորհրդի նիստ՝ հանդես գալու համար Արա Վարդանյանի չարաշահումները դատապարտող հայտարարությամբ: Սակայն, նիստից ժամեր առաջ Հիմնադրամի Լոս Անջելեսի գրասենյակը հրապարակեց հաղորդագրություն՝ ուղղված ամերիկահայությանը՝ մեղմացնելով Վարդանյանի արարքները ու փորձելով համոզել հանրությանը, որ իրենց նվիրաբերած գումարների կորուստ արձանագրված չէ, այդպիսով կանխելով տակավին ընթացքի մէջ գտնվող դատական գործի եզրակացությունը:

    Գրավի դիմաց բանտից ազատ արձակվելուց անմիջապես հետո, Արա Վարդանյանի վերադարձը իր պաշտոնին ոչ միայն անբարոյականության դրսեւորում էր, այլ նաեւ անարգանք ամբողջ հայությանը: Այս կացության դիմաց Հնչակյան կուսակցությունը առկախում է իր մասնակցությունը Ամերիկայի Հոգաբարձուների Խորհրդի կազմին ու այսուհետեւ ոչ մի պատասխանատվություն չի կրում նրա հետագա գործունեության համար:

    Մենք հավատում ենք «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նպատակներին եւ առաքելությանը, մեծապես գնահատում ենք անկեղծ ու հայրենասեր՝ մեծ ու փոքր բարերարների նվիրատվություններին շնորհիվ կատարված աշխատանքները՝ Արցախի ու Հայաստանի մեջ, եւ հույս ունենք, որ մեր այս քայլով, որոշ չափով կնպաստենք «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի առողջացման, նյութական միջոցների արդյունավետ օգտագործման, մսխումների վերացման ու ժողովրդի վստահությունը վերականգնելու գործընթացքին»:

    Նման թեմաներ

    scroll to top