Գլխավոր Լուրեր «Սեքյուրիթի Դրիմի»-ի հաշվապահի ձերբակալումն անակնկալ է եղել

«Սեքյուրիթի Դրիմի»-ի հաշվապահի ձերբակալումն անակնկալ է եղել

6
0

Araratnews.am-ն Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանից այսօր տեղեկացավ՝ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանը ձերբակալվել է: «Քննչական կոմիտեում ծանր հանցագորությունների քննության բաժնում առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է նաև Ձեր կողմից նշված անձը»,-ասաց ՔԿ մամուլի խոսնակը:

Հիշեցնենք՝ երեկ գրել էինք, որ ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատերերից Ալիկ Զաքարյանը և «Էլիպս» ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանը:

Մեզ հասած տեղեկություններով՝ հաշվապահի ձերբակալումը երեկ անակնկալ է եղել նաև աշխատակիցների համար: «Նախկին ու ներկա տնօրեններն իրար են մեղադրում, չգիտենք՝ ով է ճիշտ»,- տեղեկացրեց մեր աղբյուրը:

Հաշվապահի ձերբակալման հիմքը, ըստ տեղեկությունների, եղել է  ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանի ցուցմունքը:

Նա ամիսներ առաջ  ասել էր՝ ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:

Զանգահարեցինք նաև  ընկերություն  տնօրեն Արթուր Պողոսյանին՝ պարզաբանում լսելու, սակայն ապարդյուն.  հեռախոսազանգին պատասխանած  աշխատակիցը  տեղեկացրեց՝ տնօրենի հետ չենք կարող խոսել: «Այսօր՝ ժամը 14:00-ին, ընկերությունը հայտարարություն կտարածի»,- ասաց նա: Մեզ հայտնի դարձավ, որ չնայած աշխատակիցների անհանգստությանը, տնօրենը աշխատանքի է ներկայացրել եւ փորձել է հանդարտեցնել առկա հույզերը:

Սոնա Դավթյան