Կիրակի , 24 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    27°
    Home » editorial » Սերժ Ջիլավյան. Կարիք ունեմ մեռնելու։ Զզվել եմ կյանքից. Newmag

    Սերժ Ջիլավյան. Կարիք ունեմ մեռնելու։ Զզվել եմ կյանքից. Newmag

    Սերժ Ջիլավյան. Կարիք ունեմ մեռնելու։ Զզվել եմ կյանքից. Newmag
    Մարտ 12, 2018 16:28 editorial, Լուրեր A+ / A-

    Պատմությունը Սերժ Ջիլավյանի մասին է։ Նա խորհրդային տարիների մուլտիմիլիոնատեր էր, գուցե միլիարդատեր։ 1980-90-ականներին համարվում էր Ուզբեկստանի, հետո նաև Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, հմուտ ձեռնարկատեր էր ու տարբեր շերտերի հետ ընկերական հարաբերություններ ձևավորած անձնավորություն։ Այսօր նա մենակ է, վատառողջ, մահճակալին գամված։ Պատմում է, որ իր ապրումների՝ անձնական կյանքի, բիզնես շրջադարձի ու ազատազրկման պատճառով մի քանի անգամ գլխուղեղի կաթված է տարել, սիրտը ստենտավորել են, հրաշքով ողջ է մնացել։ Վերջին տարիներին Եվրոպայում էր։ Երբ առողջական վիճակը վատթարացավ, մեկնեց Մոսկվա, այնտեղից էլ՝ Հայաստան ու վերադարձավ ծննդավայր։ Ջիլավյանն այժմ ունեզուրկ է, գրպանում դրամ չկա, նրա անունով որևէ գույք գրանցված չէ, 90-ականների միլիոնատերն այսօր նույնիսկ մի քանի հազար դրամ չունի։ Ապրում է ՌԴ-ից ստացվող թոշակով։ Որպես առաջին կարգի հաշմանդամ թոշակառու, նրան հասնում է 30.000 ռուբլի։ Սակայն Ջիլավյանը ստանում է ընդամենը 13.000-ը, քանի որ հաշմանդամության փաստաթղթերը թարմացնելու ու իր վիճակը ներկայացնելու համար պետք է Ռուսաստանում լինի։ Ամիսը ստանում է 110 հազար դրամ կամ 229 դոլար։ Սա է նրա ամսական կարողությունը։ Այդ գումարից վճարում է Ստեփանավանում բնակվող մի կնոջ, որ իրեն խնամի, տակաշորը փոխի, նստեցնի, կանգնեցնի, ճաշ պատրաստի։ Մնացած գումարով կոմունալ վճարումներն են անում, սիգարետ գնում։ Մի ժամանակ սիգար էր վայելում, թանկ խմիչքներ ըմպում, այսօր անդադար VIP է ծխում՝ 300-դրամանոց սիգարետ, խմում է սուրճ։ Գլխավոր հարցը հարցականով էլ մնում է։ Ո՞ւր են իրա կուտակած միլիոնները, նրա տասնյակ առանձնատներն ու շարժական գույքը։ Չկան։

    – Իմ կարողությո՞ւնը։ Ի՞նչ կարիք կա այդ մասին խոսելու։ Ինչ եղավ՝ եղավ։ Իմ միլիոններն անցան որոշ մարդկանց, երևի հիմա էլ էդ մարդիկ կան։

    – Փորձե՞լ եք վերադարձնել Ձեր փողերը։

    – Հավանաբար փորձել եմ:

    – Ովքե՞ր են այդ մարդիկ, պետական գործիչնե՞ր էին, թե՞ քրեական տարրեր։

    – Պետական… չնայած… չգիտեմ, գուցե քրեական, գուցե երկուսն էլ։

    Նա իրեն ներկայացնում էր միայն դրական կողմերից. «Ինձ շատ լավ մարդ եմ համարում։ Մեղքեր չեմ գործել, երբեք մեղք չեմ գործել, թեև գուցե գործել եմ, մեկից ղազ եմ տարել, հավ եմ տարել երեխա ժամանակ։ Պետության դեմ շատ մեղքեր ունեմ, սակայն որևէ մեկին որևէ վնաս չեմ տվել։ Ես իմ միլիոնները, հավանաբար, արդար քրտինքով եմ վաստակել։ Որևէ բանի համար չեմ զղջում։ Զղջում եմ միայն, որ շատ արդար եմ եղել, ինչն էլ չի գնահատվել։ Մարդկության ամենամեծ չարիքն անարդարությունն է, ես ինձ արդար եմ համարում։ Ինձ անտեղի են ազատազրկել, այդտեղից էլ խորտակվեց իմ կյանքը, թե չէ էս օրին չէի լինի։ Եթե կարողանայի ժամանակը հետ տալ, վատը կլինեի, երևի դա կլիներ ճիշտը»։ Սերժ Ջիլավյանը չի ամուսնացել, կին չի ունեցել, սակայն ունի դուստր։ Նա ապրում է Մոսկվայում ընտանիքի հետ։ Սա երևի թե կյանքի մայրամուտին ծանր վիճակում գտնվող երբեմնի լեգենդ Սերժ Ջիլավյանի ամենացավոտ կողմն է։ Աղջկանից լուր չունի, նա էլ՝ իրենից, երեք տարի չեն շփվել, խոսել։ Վերջին անգամ խոսել են 2015-ին տեսակապով, դրանից հետո որևէ լուր չունի։ Կյանքի բոլոր դրվագների մասին խոսելիս՝ նա հարցերին պատասխանում էր երկար մտածելով, հոգոց հանելով, բայց վստահ, հանգիստ տոնով, մինչդեռ դստեր մասին խոսելիս արտասվեց, հետո լռեց։ Զրույցն ավարտեցինք երկարատև լռությամբ։ Նա՝ նույն դիրքով, ես՝ մրսած, սառել էի սենյակի ցրտից։ «Որևէ բանի կարիք չունեմ։ Կարիք ունեմ մեռնելու։ Զզվել եմ կյանքից»։

    Դավիթ ԴԱՎԹՅԱՆ

    Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Newmag» ամսագրի 86 համարում

    Նման թեմաներ

    scroll to top