Երեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.00   ՀՀ ԿԲ` 484.75   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 571.76   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 489.20   
  •  GBP   Առք` 634.00   Վաճառք` 652.00   ՀՀ ԿԲ` 648.06   
  •  RUB   Առք` 8.14   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 181.55   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Սերժ Սարգսյանը ստեղծել է իր կոմֆորտի բոլոր պայմանները

Սերժ Սարգսյանը ստեղծել է իր կոմֆորտի բոլոր պայմանները

Հուլիս 17, 2017 15:07 Լուրեր, Քաղաքական A+ / A-

Sargsyan-Serj-472x265

Երեկ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ, անդրադառնալով կառավարությունների փոփոխությունների հարցին, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե խոստացված տնտեսական աճը չեն ապահովել, այդ իսկ պատճառով էլ կառավարություններ են փոխվել: Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Araratnews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սարգսյանի այս հայտարարությանը, նշեց, թե կոնկրետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը քաղաքական գործընթացների հետեւանք էր: «Կարծում եմ` առանձնապես որեւէ նոր ուղերձ այս առումով չկար: Ինչ վերաբերում է տնտեսական աճին եւ կառավարությունների պաշտոնանկմանը, կարծում եմ` դա առերեւույթ պատճառներից մեկն է, քանի որ կառավարությունները, համենայնդեպս, Տիգրան Սարգսյանի կառավարությունը, փոխվեց այն ժամանակ, երբ առաջացավ դրա քաղաքական անհրաժեշտությունը, որովհետեւ կառավարությունը երկար ժամանակ անարդյունավետ էր աշխատում, բայց չէր փոխվում, եւ փոխվեց միայն այն ժամանակ, երբ ոչ իշխանական բեւեռը հայտարարեց, որ պատրաստվում է կառավարության փոփոխության շուրջօրյա հանրահավաքների: Այսինքն` տնտեսական ակտիվությունը մեծ հաշվով երկրորդական է, եւ այս առումով Սերժ Սարգսյանի խոսքի այդ հատվածն ունի առերեւույթ շղարշի նպատակ»,- ասաց Բադալյանը, հավելելով, որ կառավարությունների փոփոխությունն առհասարակ քաղաքական գործընթացների հետեւանք է:

Ըստ նրա` կառավարություն, վարչապետ կփոխվեն այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը կտեսնի դրա քաղաքական անհրաժեշտությունը, անկախ տնտեսական արդյունքներից: «Հայաստանում տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ ցանկացած պահի հնարավոր է փոխել նրանց` անարդյունավետության պատճառաբանությամբ»,- ասաց նա:

«Ես բազմաթիվ անգամ անկեղծորեն ասել եմ՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա: Էական չի, չէ՞»,- «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ընթացքում պատասխանելով 2018-ին իր՝ վարչապետ դառնալու մասին հարցին ասել էր Սերժ Սարգսյանը: Մեր հարցին, թե արդյոք էական չէ՞, թե 2018 թվականին ով կլինի վարչապետ, Բադալյանն ասաց, որ այս հարցը շատ հարաբերական է: «Անկասկած, դա շատ կարեւոր նշանակություն ունի առնվազն հոգեբանական իմաստով, այսինքն` Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնից հետո ընդհանրապես հեռանո՞ւմ է իշխանությունից, թե՞ մնում է վարչապետ կամ իշխանության դե յուրե ղեկավարի կարգավիճակում: Մյուս կողմից` խոշոր հաշվով, իրավիճակային առումով էական չէ, թե ով կլինի վարչապետ: Էականն այն է, որ այդ վարչապետին նշանակելու է խորհրդարանական մեծամասնությունը, որը ներկայումս ՀՀԿ-ն է` ՀՅԴ-ի հետ միասին, եւ առավել եւս, որ մենք այդքան էլ չգիտենք, թե խորհրդարանում ինչ մեծամասնություն կա, քանի որ ԲՀԿ-ն, ինչպես մանդատների հայտնի պատմությունը ցույց տվեց, առնվազն ինչ-որ ազդեցությամբ ենթակա է իշխանությանը»,- ասաց Բադալյանը, հավելելով, որ Սերժ Սարգսյանն այս հարցում իրավացի է, որ ամենավճռորոշը իշխանության մեջ ուժերի հարաբերակցությունն է, եւ վարչապետը կարող է ընդամենը ենթակա լինել մեծամասնությանը:

«Ինչ վերաբերում է վարչապետ լինելու իր ցանկությանը, ապա ես կարծում եմ` Սերժ Սարգսյանը նվազագույն խնդիրը լուծել է վարչապետ չլինելու պարագայի համար, այսինքն` Հայաստանում նոր իրավիճակում ձեւավորված է բազմակենտրոն իշխանություն, կա վարչապետ, որը գերագույն գլխավոր հրամանատար չէ, խաղաղ պայմաններում փաստացի բանակի ղեկավարումն իրականացնելու է ՊՆ-ը, անվտանգության խորհուրդը դառնում է ոչ թե խորհրդակցական, այլ որոշումներ կայացնող մարմին, այսինքն` այս պահին Սերժ Սարգսյանի համար առավել կոմֆորտ կլինի պահել ազդեցությունը իշխանության վրա` չլինելով վարչապետ: Ես կարծում եմ, որ սա է իրավիճակը, եւ վարչապետի խնդիրն այս պահին, գոնե որոշակիորեն, իհարկե գլխավոր խնդիրը չի դառնում»,- եզրափակեց Հակոբ Բադալյանը:

Փայլակ Ֆահրադյան

scroll to top